ԿԲ․ 2018-ի երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը սպասվածից բարձր է

Հայաստան, Երևան - Դրամի արձանը ԿԲ շենքի դիմաց, արխիվ

Այսօրվա նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս տարվա մայիսին արձանագրվել է 1 տոկոս գնանկում՝ 2017 թվականի նույն ամսվա 0.2 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.6 տոկոս: Ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության: Միևնույն ժամանակ, բնականոն գնաճը նույնպես որոշակիորեն ցածր է գտնվել ԿԲ սպասումներից։

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: ԿԲ խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է որոշակի գնաճային ռիսկերի ավելացում, ասված է հաղորդագրությունում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018-ի երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից բարձր՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով։ Պահանջարկի կողմից այն հիմնականում արտահայտվում է ներդրումների աճի բարձր տեմպերով, մինչդեռ, արտասահմանից դրամական փոխանցումների աճի տեմպերի դանդաղման պարագայում, մասնավոր սպառման աճը համեմատաբար ավելի ցածր է գրանցվել։ Այս պարագայում ԿԲ խորհուրդը գնահատում է, որ համախառն պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա եղել է սպասվածից ավելի թույլ և արտահայտվել է թե՛ բնականոն գնաճի և թե՛ գնաճային սպասումների ավելի ցածր մակարդակների ձևավորմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև տնտեսության վրա իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել ընդլայնող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համաշխարհային տոկոսադրույքների աճի ներքո:

Ակնկալվում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ, նշված է ԿԲ հաղորդագրությունում: