Երևանի ավագանու նիստն անցավ առանց քաղաքապետի

Երևանի ավագանու երրորդ նստաշրջանի վերջին նիստն այսօր անցավ քաղաքապետի բացակայությամբ։

Նիստը վարող առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց․ - «Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը բացակայում է այսօրվա նիստից առողջական խնդիրների պատճառով, հարգելի պատճառով»:

Ոչ այնքան քաղաքապետի բացակայությունից, որքան նրա լռությունից զարմացած «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախորդ օրերի իրադարձություններից խոսեց։ Նրա խոսքով՝ երբ ակտիվիստները պահանջում են քաղաքապետի հրաժարականը, մամուլը գրում է այդ մասին, իսկ օրերս ներկայացված հետաքննությունում ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած 40-ամյա Տարոն Մարգարյանին վերագրվում են դղյակներ ու միլիոնների հասնող հարստություն, հարցեր են առաջանում, որոնք պարզաբանման կարիք ունեն․ - «Ինչո՞ւ քաղաքապետը առ այսօր այդ հարցերին չի պատասխանում, եղե՞լ է արդյոք հրաժարական, չի՞ եղել․․․ Ի՞նչ է նա պատրաստվում անել: Ես որևէ հարցում շտապողականություն չեմ ցանկանում ցուցաբերել, բայց գոնե հասկանալ, թե ինչ է կատարվում և որ ժամկետում մենք ինչպիսի արդյունք կունենանք: Ես կարծում եմ, Երևանի քաղաքացիները արժանի են իմանալու, թե այս ավագանին դեռ որքան պետք է գործի»:

«Ժամանակից առաջ չընկնենք», - իր հերթին նշեց ավագանու նիստը վարող Կամո Արեյանը՝ հավելելով․ - «Թող ոչ ոք իր վրա չվերցնի նախաքննական մարմնի գործառույթները»:

Արեյանը, ով մշտապես իր ելույթներում եղել է կոշտ, իր բնորոշումներում՝ սուր, այսօր ավագանու անդամների խնդրեց խորը հարգանք ցուցաբերել միմյանց հանդեպ․ - «Հորդորում և խնդրում եմ որպես ձեզնից մեկը․ ավագանու ինստիտուտի հանդեպ խնդրում եմ վերաբերել վայելուչ, հարգալի»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, սակայն, պահանջեց, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, ավագանին՝ ցրվի։ «Այդ հարցերը կարգավորվում են օրենքով», - երեք կանանց հակադարձեց Արեյանը։ Զարուհի Փոստանջյանը հիշեց Մարգարյանի ղեկավարած «Երևան» հիմնադրամի քրեական գործն ու չարաշահումների իրական մեղավոր հայտարարեց Մարգարյանին։

Հիշեցնեմ՝ ԱԱԾ-ն «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով քրեական գործ էր հարուցել ու մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել, որ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, որոնց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

«Այս պահին ներկայացվեց, թե իբրը Տարոն Մարգարյանը վատառողջ է, և այդ է պատճառը, որ չի ներկայացել այսօրվա նիստին: Մինչդեռ մենք հասկանում ենք, որ հնարավոր է, Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն դիմելու փախուստի: Հանրությունը և լայն հասարակությունը պահանջում է, որպեսզի Տարոն Մարգարյանին ներգրավեն որպես մեղադրյալ»:

«Երևան» հիմնադրամի թեման այսքանով չավարտվեց։ Փոստանջյանը հարցադրումն ուղղեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նաիրա Նահապետյանին (ՀՀԿ)։ Ընդդիմադիր Փոստանջյանը հետաքրքրվեց, թե մարտի 8-ի առիթով Երևան հիմնադրամից դուրս գրված գումարներով գնված 450 նվեր քարտերը արդյոք հասել են հասցեատերերին և ում են բաժանվել 20-200 հազար դրամ արժողությամբ նվեր քարտերը․ - «Ո՞րն են այն հավաստիքները, որ այդ գումարները դուք նույնպես չեք յուրացրել, չեք անցկացրել այսպես կոչված լվացքատան միջով, և իրոք այդ գումարները որպես նվեր բաժանվել են քաղաքացիներին»:

Ի պատասխան Նահապետյանն ասաց, թե հարցը օրակարգին չի վերաբերում՝ առաջարկելով գրավոր ներկայացնել հարցերը․ - «Գրավոր ես կպատասխանեմ»:

«Երևան» հիմնադրամին չարաշահումների, նաև Տարոն Մարգարյանին վերագրվող ունեցվածքի ու նրա հրաժարակի մասին զրուցեցինք ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ։ Կոյուղաջրերի սկանդալից հայտնի Էդմոն Կիրակոսյանը դեմ է Մարգարյանի պաշտոնը թողնելուն, իսկ ահա քաղաքապետին մշտապես պաշտպանող Հասմիկ Սարգսյանը, Լևոն Իգիթյանն ու Նաիրա Նահապետյանը հորդորեցին գործը թողնել իրավապահներին: