Վաչագան Ղազարյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի հետ, արխիվ

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից։

Ղազարյանը բերման ենթարկվեց, ապա ձերբակալվեց երեկ, նա կասկածվում է ապօրինի հարստանալու, ինչպես նաև՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:

ԱԱԾ-ն նաև Ղազարյանին բերման ենթարկելու գործողության մանրամասներ է ներկայացրել․ ծառայության աշխատակիցները ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ- մայորին բերման էին ենթարկել Երևանի Չարենցի փողոցում տեղակայված «Յունիբանկի» շենքի մուտքի մոտից։ Բանկից դուրս գալու պահին Ղազարյանի ձեռքին պայուսակ է եղել: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, անձնական խուզարկության ընթացքում նա ներկայացրել է դրա պարունակությունը՝ 120 հազար ԱՄՆ դոլար և 436 միլիոն դրամ։ Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայի մեջ հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

Այս գումարները, ըստ իրավապահների, նա կանխիկացրել է իր անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Ղազարյանն ասել է, թե կանխիկացման նպատակը գումարն իրական տիրոջը վերադարձնելն է եղել։ Իսկ թե ով է այդ անձը, Ղազարյանը հրաժարվել է հայտնել։ Վաչագան Ղազարյանի գրպանում նաև 500 դոլար ու ավելի քան 200 հազար դրամ է եղել: Ըստ ԱԱԾ-ի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն ասել է, թե այդ գումարն իր «առօրյա ծախսերի համար» է։

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ իրենք տիրապետել են օպերատիվ տեղեկությունների, ըստ որոնց, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում նա իր և իր տիկնոջ՝ «Արդշինբանկում» ունեցած հաշիվներից պատրաստվում էր կանխիկացնել ընդհանուր առմամբ 1,5 միլիարդ դրամ։ Այդ գումարը ստանալու համար Ղազարյանը պատրաստ է եղել բանկին վճարել 17 միլիոն դրամ։

Այս գումարները Ղազարյանը չի հայտարարագրել: Խուզարկության ընթացքում, ըստ ԱԱԾ-ի, նա ասել է, որ թե՛ «Յունիբանկի», և թե՛ «Արդշինբանկի» իր հաշիվների վրա առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35 միլիոն դրամ, ավելի քան 1 միլիոն 110 հազար դոլար, 230 500 եվրո, ավտոտնակից էլ՝ 2000 դոլար, 2 «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ: Ամուսինները, ըստ քննչական կոմիտեի, խուզարկությամբ հայտնաբերված դրամական միջոցներն ու թանկարժեք իրերը ևս չեն հայտարարագրել, մինչդեռ, որպես բարձրաստիճան պաշտոնյա և նրա հետ փոխկապակցված անձ, պարտավոր էին ներկայացնել այդ տվյալները:

Պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից Վաչագան Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր մայիսի 21-ին: Պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացրած հայտարարագրում Ղազարյանը նշել է, որ ունի միայն 7 անշարժ գույք, RANGE ROVER մակնիշի մեկ ավտոմեքենա, 11 միլիոն դրամ, 9500 դոլար, 12500 եվրո: Ներկայացրել է նաև հունվարից մայիս ստացած 2,5 միլիոն դրամ աշխատավարձը:

Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը ամուսնու՝ պաշտոնից ազատվելու հաջորդ օրը հայտարարագրել է 25 միլիոն դրամ, 29 հազար դոլար, 17 հազար 400 եվրո: Իսկ իբրև ստացած եկամուտ՝ վարձակալության դիմաց վճար՝ ավելի քան 3 միլիոն դրամի չափով։

Քրեական օրենսգիրքը ապօրինի հարստացման հոդվածով սահմանում է առավելագույնը 3-6 տարով ազատազրկման պատժաչափ, իսկ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է առավելագույնը 2-4 տարի ազատազրկմամբ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հիշեցնում է՝ ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածն արդեն մեկ տարի է գործում է, բայց առաջին անգամ կիրառվեց մի քանի օր առաջ: Հիշեցնենք՝ քրեական գործը հարուցվել էր հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։ Հենց այդ գործի շրջանակներում էլ, ըստ ՀՔԾ-ի, ձերբակալվել է Վաչագան Ղազարյանը։

«Շարունակաբար լսում ենք, որ այս պաշտոնյան ունի այսինչ ունեցվածքը, ինչպես կարող է կնոջը նման նվիրատվություն անել, և դա կարծես թե դարձել էր օրինաչափություն: Ինձ թվում է՝ մարդիկ նաև չէին էլ մտածում, որ երբևէ ապօրինի հարստացման հոդվածը մեր իրականության մեջ կաշխատի, որովհետև կար տոտալ անգործություն իրավապահ մարմինների կողմից բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք մատնանշվում էին և՛ ԶԼՄ-ներում, և՛ քաղհասարակության կողմից: Հիմա, հուսանք, որ այդ պրակտիկան արդեն վերացել է»,- ասաց Տիգրանյանը:

ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր չշտապեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի ձերբակալությունը «քաղաքական հետապնդում» որակել, ասաց՝ կսպասի նախաքննության ավարտին։ «Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը: Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի»,- ասաց Շարմազանովը:

Երեկ ոստիկանները բերման էին ենթարկել նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Հասարակությանն առավել Սաշիկ անունով հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավորը երեկ երեկոյան ազատ արձակվեց: Ոստիկանները պնդում են, թե ստուգում են նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։

Լրագրողի հարցին՝ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս տարավ կրտսեր եղբորը բերման ենթարկելու փաստը, Շարմազանովն այսօր պատասխանեց․- «Պարոն նախագահը շատ ուժեղ մարդ է, և տարան եղբորն ու ազատ արձակեցին, որովհետև օրինականության որևէ խնդիր չկա»: Հարցին՝ ինքը չի՞ մտածում, որ հերթը Սերժ Սարգսյանին էլ կհասնի, Շարմազանովը արձագանքեց․- «Ես չեմ կարծում, թե պարոն նախագահն արել է մի բան, որ հերթն իրեն էլ հասնի»: