Բաքվում զորահանդես է անցկացվում

Ադրբեջան - Զորահանդեսը Բաքվում, 26-ը հունիսի, 2018թ․

Բաքվի Ազադլըղ հրապարակում այսօր անցկացվում է զորահանդես՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման հարյուրամյա հոբելյանին:

Զորահանդեսին, ինչպես հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, մասնակցում են 4 հազար զինծառայողներ պաշտպանության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից, սահմանապահ և հատուկ պետական պահպանության ծառայություններից, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի զորահանդեսային կազմից: Հաղորդվում էր, ադրբեջանական զորքերի հանդիսավոր զորատեսին կներկայացվի նաև 240 միավոր ռազմական տեխնիկա և ավելի քան յոթ տասնյակ թռչող սարքեր, այդ թվում վերջերս ձեռք բերված նոր սերնդի տեխնիկա՝ զրահապատ տրանսպորտային միջոցներ, հրթիռային և հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Բաքուն նաև հայտարարում էր, թե այսօր ցուցադրվելու են հակաօդային պաշտպանության այնպիսի համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբևէ չեն ցուցադրվել:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Ըստ ռազմական փորձագետների, եթե նախկինում Բաքուն բավարարվում էր հիմնականում ռուսաստանյան և նախկին խորհրդային այլ երկրների արտադրության սպառազինությամբ, ապա այսօր զենք ձեռք բերելու գործարքներ է կնքում պակիստանյան, չեխական, թուրքական ընկերությունների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցյալ շաբաթ պնդում էր, թե «վերջին տարիների ընթացքում ռազմական պոտենցիալը էականորեն մեծացել է և էականորեն փոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի»:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զորահանդեսին ներկա են պաշտոնական ներկայացուցիչներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Ուկրաինայից: