Ադրբեջանը կշարունակի արդիական զենք գնել

Ադրբեջան - Զորահանդեսը Բաքվում, 26-ը հունիսի, 2018թ.

Ադրբեջանի նախագահ Իլհալ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի հզորացնել ռազմական կարողությունը: Այդ մասին նա ասել է Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակին նվիրված զորահանդեսին:

«2003 թվականից ի վեր մենք 15 անգամ ավելացրել ենք ռազմական ծախսերը: Մեր բանակն ամենաարդիական զենքն ու տեխնիկան է ստանում»,- ասել է Ալիևը:

Նրա պնդմամբ, Ադրբեջանում այժմ գործում են ավելի քան 20 ռազմական գործարաններ, որտեղ արտադրվում է ավելի քան 1200 անվանում զինտեխնիկա:

«Միաժամանակ մենք գնում ենք արդիական տեխնիկա, մենք արդեն ստացել ենք զրահատեխնիկայի, օդանավերի, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ռազմանավերի հարյուրավոր միավորներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հեռահար հրթիռներ», - ասել է Ալիևը:

Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, Ալիևն ասել է, թե Ադրբեջանը հզորացնում է զինված ուժերը, քանի որ միջազգային իրավունքը չի գործում:

«Եթե այն գործեր, մենք վաղուց արդեն կազատագրեինք մեր տարածքները», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ այսօր գերակայողն ուժային գործոնն է դարձել:

«Բանակաշինությունն ամենակարևոր խնդիրն է, քանի որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, Ադրբեջանը հետայսու էլ ձեռք է բերելու արդիական սպառազինություններ և ռազմական տեխնիկա: Մենք դրա համար ունենք և՛ ֆինանսական միջոցներ, և՛ ամուր կամք»,- հայտարարել է Ալիևը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ զորահանդեսի ընթացքում ցուցադրվել է ավելի քան 240 միավոր զինտեխնիկա, օդուժի 70 միավոր, «Պոլոնեզ» և LORA տեսակի հրթիռներ, «Դանա» հաուբիցներ և այլ համակարգեր: