«Թուրքիայի դիրքորոշումը բոլորիս հայտնի է, հատկապես հիմա, երբ Թուրքիայում Էրդողանը վերահաստատում է իր իշխանությունը: Միաժամանակ այնտեղ ազգայնական կուսակցությունը բավական մեծ դերակատարում ստացավ խորհրդարանում, կոալիցիոն մեծամասնություն է փաստորեն լինելու, այսինքն Էրդողանի կուսակցությունը ազգայնականների հետ է մեծամասնություն կազմելու: Էստեղ կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը ավելի կկարծրանա կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, Արցախի նախապայմանը, որ դնում են թուրքերը», - ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
2003 թվականից Թուրքիայի նախ վարչապետ, ապա նախագահ Ռեջեփ Էրդողանը արտահերթ ընտրություններում վերընտրվել է նախագահի պաշտոնում: Նույն օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է նրա ղեկաված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ընտրությանը մասնակցում էր դաշինքով՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Ընդ որում 2-րդ տեղում հայտնված ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ևս ընտրությանը մասնակցեց դաշինքով՝ մեկ այլ ազգայնական կուսակցության հետ։
Ազգայնական պատգամավորների թվի ավելացումը խորհրդարանում ենթադրում է, ըստ Բադալյանի, որ Հայաստանի հանդեպ դիրքորոշումն առնվազն չի փոխվելու․ - «Իհարկե, այստեղ մի այլ բան կա՝ թե ինչպես կփոխվի աշխարհաքաղաքական վիճակը, և գուցե դա ինչ-որ մի պահի բերի Թուրքիայի իշխանության դիրքորոշման փոփոխության: Սրա նախադրյալ առայժմ տեսանելի չէ»:
Իր դիրքորոշումը չի փոխել պաշտոնական Երևանը. վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատաստ է դիտարկել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը առանց նախապայմանների:
«Էս տեսանկյունից Երևանի դիրքորոշումը չի փոխվել», - նշեց Բադալյանը: - «Թուրքիայի դիրքորոշումն է, որ չի փոխվում, այսինքն Թուրքիան շարունակում է նախապայման դիտարկել Արցախի խնդիրը»:
Թուրքագետ, լրագրող Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ Թուրքիայում նախագահի վերընտրությունը և խորհրդարանում ուժերի վերադասավորությունը, ինչպես նաև նոր կուսակցությունների խորհրդարան անցնելը առանձնապես ազդեցություն չի ունենալու նաև տեղի հայկական համայնքի կյանքի վրա․ - «Տեղաշարժ չի լինի հայերի հետ կապված: Ինչպես տեսնում եք, շատ մեծ տարբերություն չկա․ Էրդողանը կար, Էրդողանը էլի էկավ, Ժողովրդահանրապետականը նույն դիրքում է և քրդամետ կուսակցությունն էլ նույն դիրքում է: Բայց միակ բանը՝ որ ազգայնականները ավելացան, և դա արդեն վատ կանդրադառնա [հայ-թուրքական հարաբերությունների վրա], որովհետև, օրինակ, Էրդողանի հետ կոալիցիա կազմող ազգայնականները պիտի իհարկե ազդեն նաև Էրդողանի քաղաքականության վրա»:
Թուրքիայի նոր խորհրդարանում ազգությամբ հայ 2 պատգամավորներ կլինեն՝ իշխող «Արդարություն և զարգացումից» ընտրված Մարգար Եսայանը, և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը։
Սակայն, ըստ Լոքմագյոզյանի, թուրքական Մեջլիսում հայ պատգամավորների ներկայությունը մեծ նշանկություն չունի համայնքի համար, քանի որ պատգամավորները չեն շեղվում սեփական կուսակցությունների ուղեծրից․ - «Չեն կարող շեղվել ընդհանուր քաղաքականությունից: Մի քիչ Կարո Փայլանին ազատություն էին տվել հայկական հարցերին անդրադառնալու: Սակայն, ասենք թե, անդրադարձավ, ի՞նչ արդյունք: Ընդհակառակը, դրա արդյունքում արգելվեցին մի շարք բաներ: Օրինակ, Ցեղասպանության մասին էլ ոչ մեկը չի կարող խոսի, քրդական հարցի մասին ոչ մեկը չի կարող խոսի»: