Գյուղնախարար․ Մեր պարտավորությունն է օժանդակել փոքր տնային տնտեսություններին

«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրը Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն է:

Խոսելով պարարտանյութի և սերմնացուի բաշխման գործընթացներում չարաշահումների առնչությամբ հարուցված հիսունից ավելի քրեական գործերի մասին՝ Խաչատրյանն ասաց․ - «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ հրատապ է, որպեսզի մտածենք գյուղացիներին տրամադրվող օժանդակության մեխանիզմը փոխելու ուղղությամբ: Ի՞նչ է տեղի ունեցել․ մատչելի գներով պարարտանյութ է տրամադրվել, սերմացու է տրամադրվել, դիզվառելիք է տրամադրվել, և այդ մատչելի տրամադրման ծրագրի շրջանակում տեղի են ունեցել չարաշահումներ․․․ Մարզպետարանները համայնքներից ստանում էին հայտեր, այդ պարարտանյութի ցանկն ուղարկվում էր Գյուղատնտեսության նախարարություն, նախարարությունը մինչ այդ մրցույթներ է կազմակերպած լինում, մատակարարներ էր ընտրում, ցանկը ուղարկում էր մատակարարներին, մատակարարները պետք է տանեին հասցներին գյուղացիներին: Այդ ընթացքում վերահսկողության խնդիր է եղել»:

Օգտատերերից մեկի հարցին, թե երբ են էժանանալու պարարտանյութերն ու թունաքիմիկատները, նախարարն արձագանքեց․ - «Մենք մտածում ենք շուկան բացել: Ոչ թե այս ու այս ընկերությունը պետական մրցույթով շահել են այդ պարարտանյութը մատակարարելու իրավունքը, այլ բացում ենք շուկան, ասում ենք՝ ով կարող է ավելի էժան բերի, թող բերի, և մենք կդոտացնենք վերջնական սպառողին: Մեխանիզմ ա ինքը, խնդիր ա: Պետք է նաև ֆիսկալ հնարավորությունները հաշվի առնենք, բայց դա գոնե իմ սկզբունքային մոտեցումն է»:

Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե արդյոք վերանայվելու է պետական սուբսիդավորումը հիմնականում խոշոր գյուղացիական տնտեսություններին ուղղելու քաղաքականությունը, Խաչատրյանը պատասխանեց․ - «Մեր Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության ծրագրով դա կարմիր թելով գնում է: Նախարար նշանակվելու առաջին իսկ օրվանից ես հենց դա եմ ասում, որ մեր գյուղատնտեսական արտադրանքի 90 տոկոսը գալիս է փոքր տնային տնտեսություններից: Եվ մեր նպատակն է, պարտավորությունն է, որպեսզի օժանադակենք, որպեսզի էդ մարդկանց ծավալները շատանան, արդյունավետությունը բարձրանա, ստացված եկամուտները շատանան»:

«Ֆեյսբուքյան ասուլիսը» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: