Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը

Ալեքսանդր Սարգսյան, արխիվ

Այսօր ավելի վաղ բերման է ենթարկվել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տեղակալ, Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը:

Ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, հաստատելով, որ համացանցում տարածված տեսանյութում բերման ենթարկվող անձը հենց Ալեքսանդր Սարգսյանն է: Ոստիկանությունը, միաժամանակ, հերքում է, թե բերման է ենթարկվել նաև Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:

Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003 -2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ի կողմից բերման էր ենթարկվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության նախկին պետի տեղակալ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը:

Արխիվ

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Ղազարյանը բերման է ենթարկվել ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հիմքերով անցած շաբաթ հարուցված քրեական գործի շրջանկաներում, ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը հրաժարվեց պատասխանել, խոստանալով ավելի ուշ հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ էին կատարվել «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ընկերության տնօրեն Ս. Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։ Արդյունքում ՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:

Ինչպես տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանի ամուսինը՝ Վաչագան Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր:

Սակայն ինչպես Վաչագան Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ. Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ:

Նկատենք՝ Հայաստանում առաջին անգամ է քրեական գործ հարուցվել բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ:

Իրավապահներն առայժմ չեն պարզաբանում՝ կձերբակալվե՞ն արդյոք Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը: