Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տալիս

Արամ Դանիելյան, արխիվ

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քիչ առաջ հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ալվինա Զաքարյանը, նշելով, որ քաղաքապետն այդ քայլին գնում է «իր ցանկությամբ»:

Հուլիսի 2-ին Դանիելյանը հրավիերել է Հրազդանի ավագանու արտահերթ նիստ և, ինչպես փոխանցեց խոսնակը, քաղաքապետն ավագանու անդամներին կխնդրի կողմ քվեարկել իր հրաժարականին:

Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է 15 տարի: Նա Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության անդամ է: 2016 թվականի ընտրություններում Դանիելյանը մրցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ, վերջինս Դանիելյանին մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու, հրազդանցիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:

Անցած տարի Արամ Դանիելյանի 16-ամյա որդին հոր ծառայողական մեքենայով մեկ մարդու կյանք խլած վրաերթի պատճառ էր դարձել, գործով ներգրավվել որպես մեղադրյալ, ապա ստորագրությամբ ազատ արձակվել: Հետագայում քրեական գործը կարճվեց, իրավապահներն ապացուցված համարեցին, որ անչափահաս վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել:

Վրաերթից ամիսներ անց Սերժ Սարգսյանը նախագահականում ոսկե մեդալ էր հանձնել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն՝ բարձր առաջադիմություն համար: