Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում:
Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը հայտնել է, որ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 53 տոկոսը, նրա մրցակիցներից առավել մեծ արդյունք՝ 31 տոկոս, գրանցել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն:
Էրդողանի աջակիցները ցնծության մեջ են: «Ես հավատում եմ, որ մեր լիդերը մեզ կառաջնորդի, մենք բախտավոր ենք, որ այսպիսի լիդեր ունենք»,- ասել է Անկարայի բնակիչներից մեկը: Ինքը՝ 64-ամյա Էրդողանը նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին մեծ ոգևորությամբ է խոսել: «Վաղվանից սկսում ենք կյանքի կոչել մեր ժողովրդին տված խոստումները, անցումը նախագահական համակարգին մեծ մասով ավարտվել է»,- ասել է Էրդողանը:
Վերջինս պաշտոնը վերստանձնում է քաղաքական միանգամայն նոր վիճակում: Անցյալ տարվա սահմանադրական վիճահարույց հանրաքվեով հաստատված փոփոխություններով Էրդողանը ստանում է իշխանության նոր լծակներ, իսկ վարչապետի պաշտոնը, որն Էրդողանը նախկինում երկար ժամանակ զբաղեցրել է՝ ընդհանրապես լուծարվում է:
Թուրքիայի ընդդիմությունն ասել է, թե մտադիր է շարունակել պայքարն անկախ հունիսի 24-ի ընտրությունների արդյունքից: Ընդդիմությունը պնդում է, որ պետական մամուլը չափազանց կողմնակալ եղանակով է լուսաբանել ընտրարշավը: Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընդունել է պարտությունը:
«15 միլիոն մարդ ինձ քվե է տվել, մեր թիրախն է այդ ցուցանիշը հասցնել 30 միլիոնի: Եթե 15 միլիոն կարող էր իմ օգտին քվեարկել, դա հեշտությամբ կարելի է հասցնել 30 միլիոնի»,- ասել է Ինջեն:
Վերլուծբանները նշում են, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիայում վերջին տարիներին գրանցվել է տնտեսության աճ, պետությունը էական ներդրումներ է կատարել առողջապահության, կրթության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, բայց, միաժամանակ, Էրդողանը պառակտել է թուրքական հասարակությունը: Այսօրվա դրությամբ մոտ 160 հազար մարդ քաղաքականությանն առնչվող գործառույթների կապակցությամբ բանտերում են:
Երեկ տեղի են ունեցել նաև Թուրքայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի ընտրությունները: Anadolu պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է քվեների 42 տոկոսը, հետևաբար՝ ապահովել է 293 տեղ խորհրդարանում: Դաշնակից Milliyetçi Hareket Partisi-ն՝ ազգայնական շարժման կուսակցությունը, ստացել է քվեների 10-ը տոկոսը, ինչը կապահովի 50 տեղ:
Ընդդիմադիր Cumhuriyet Halk Partisi-ն, Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է քվեների 23 տոկոսը և Ազգային մեծ ժողովում կունենա 146 մանդատ: Ժողովրդահանրապետականների դաշնակիցը՝ ազգայնական և աշխարհիկ դիրքերից հանդես եկող İYİ Parti-ն (թարգմանաբար՝ «Լավ» կուսակցություն), ընտրություններում 10 տոկոս է ստացել և խորհրդարանում կունենա 44 տեղ:
Էրդողանին հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի ղեկավարն այսօր հեռախոսով զրուցել է Էրդողանի հետ:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ուրբաթ օրը՝ հունիսի 29-ին: