Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ:
ԵԽԽՎ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իտալացի Միքելե Նիկոլետին հրաժարական է տվել Վեհաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ չի վերընտրվել իր երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում:
Մորի-Պասքիեն ԵԽԽՎ 32-րդ նախագահն է, այդ պաշտոնը զբաղեցնող չորրորդ կինը: Ընտրություններում առաջադրված էր միայն նրա թեկնածությունը:
Իր ելույթում ԵԽԽՎ նորընտիր նախագահը շեշտել է, որ Եվրոպան ու աշխարհը ունեն Եվրոպայի խորհրդի արժեքների խրախուսման և կիրառման կարիքը առավել քան երբևէ:
«Ծայրահեղականության, բռնության և բռնաճնշումների աճը, միգրացիոն և անվտանգային շատ լարված համատեքստում, պահանջում է մեզնից անդադրում բարձրաձայն ու հստակ վերահաստատել այն, ինչ մեզ միավորում է», - մասնավորապես ասել է Մորի-Պասքիեն: