Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում այս պահի դրությամբ վերականգնվել է 18 միլիարդ դրամ՝ 35 միլիոն դոլար։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի խորհրդական, գնումների ոլորտն ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
Տնտեսագետը միևնույն ժամանակ նշեց՝ այստեղ ոչ թե գումարի չափն է կարևոր, այլ այն, որ այս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության ապագան է գողացվել ու կասկածի տակ դրվել։
«Ներկա պահին կարելի է խոսել շուրջ 18 միլիարդ դրամի տեսանելի վերականգնումների, կամ այդ մեխանիզմներով բացահայտված գումարի մասին, բայց ստեղ մենք մի փոքր ինքներս մեզ կխաբենք, եթե միայն գումարի հետևից ընկնենք: Ստեղ գումարը չի կարևոր. առաջինը Դուք պատկերացրեք, որ էս գումարները տնտեսությունում չեն գեներացրել այլ հավելյալ ուղղություններ, այսինքն՝ այս գումարը կարելի էր ուղղել մի շարք ուղղությունների և լուծել այն որոշակի խնդիրների բազան, որոնք որ մենք չենք կարողացել լուծել, այսինքն՝ նույն աղքատությունը, նույն կենսաթոշակ, և դրանից կարող էր երկիրը շատ ավելի արագ զարգանալ։ Միայն թիվն, իմ կարծիքով, մենք մի քիչ փոքրացնում ենք էս պրոբլեմի ազդեցությունը, որովհետև այստեղ կարևոր է նաև որակը, օրինակ, որպեսզի հեռու չգնանք՝ հասկանալի է՝ եթե տանկերի բենզինը, կամ նման կարգի թերմատակարարումներ են լինում, կամ բենզինը չի լինում, ստեղ մենք ոչ միայն խոսում ենք զուտ գումարային էֆեկտի մասին, այլ դրա ամեն հետևում կանգնած է մի զինվորի կյանք։ Էս առումով ես չեմ ուզենա, որ մենք միայն թվային տեսանկյունից խոսենք», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Էլի եմ ասում՝ նույնիսկ թվային տեսանկյունից մենք պետք է հասկանանք, որ փողն ունի նաև շրջանառելիություն, սրանք կարող էին գեներացնել նոր ռիսկեր, և երկրորդ՝ ամենակարևորը. համակարգն էս տարիների ընթացքում, օրինակ, հատկապես գնումների համակարգի միջոցով հավելյալ գործիքակազմով նրանք գրել են ռազմավարություններ, կամ ստեղծել են կառույցներ, որոնց միջոցով հնարավորություն ընձեռվի կոռուպցիոն ռիսկերը կենսագործել և վերածել կոնկրետ նյութական արժեքների, այսինքն՝ խնդիրը շատ ավելի խորքային է, քան միայն այդ 18 միլիարդ դրամի այս պահի վերադարձը, կամ եթե դոլարային արտադրությամբ նայենք՝ 35 միլիոնը, որը կդառնա 50 միլիոն, 100 միլիոն։ Ստեղ թիվը չի կարևոր, կարևորը այն է, որ այս բոլոր տարիների ընթացքում մեծ հաշվով Հայաստանի տնտեսության ապագան է գողացվել և կասկածանքի տակ դրվել»։
Ըստ վարչապետի խորհրդականի, գումարների ճիշտ հասցեավորման դեպքում շատ այլ խնդիրներ կլուծվեին։
«Հաջորդ կարևոր շրջանցումը՝ եկամտային մասի, դրանք զուտ եկամուտներն են, փորձեմ բացատրել՝ հիմա նայեք, գործուղումների վրա, տրանսպորտային միջոցների վրա մենք ծախսեր ենք նախատեսել, ներկա կառավարությունը նաև զբաղվում է այդ ծախսերի զտմամբ, էդ զտելու արդյունքում մենք եկամուտ չենք գեներացնում, բայց նվազեցնում ենք զուտ եկամուտը։ Այսինքն՝ եկամուտ հանած ծախսեր բանաձևում այս շռայլությունից ևս կարողանում ենք ձերբազատվել, ինչը հավելյալ բարձիկներ է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք էս ծախսերը, կամ էն թույլատրելի ծախսերի բազմություններն ուղղորդենք ավելի կարևոր ուղղությունների, քան էդ պերճանքի տարրերն էր», - ասաց Մանուկյանը։
Այս կառավարությունն ունի շատ կարճ կյանք, նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե կառավարությանը հաջողվի ամրագրել հաշվետվողականության, թափանցիկության ինստիտուտների կայացվածությունը, սա կլինի առավելագույն ձեռքբերումը, որ արեց այս կառավարությունը։
«Հասարակության ակնկալիքները շատ-շատ մեծ են՝ 20 տարվա ընթացքում նրանք տեսել են թալան, կոռուպցիա, օրենքներ՝ տարատեսակ խութերով, որոնց նպատակը եղել է միայն ավելի բարեկեցիկ դարձնել այդ պետական հատվածի ծառայողների կողմից անօրինական գործողությունների միջոցով հարստացման մոդելները, և հիմա նրանք ուզում են տարբեր առումներով սրանք բարձրաձայնել, բայց, ցավոք, հասկանալի պատճառներով այս կառավարությունն ունի շատ կարճ կյանք, և եթե հաջողվի ինչ-որ առումով, որ հաշվետվողականություն, թափանցիկություն՝ այս ինստիտուտների կայացվածությունն ամրագրվի, սա, իմ կարծիքով, առավելագույն ձեռքբերումն է, որը որ կարող է անել այս կառավարությունը», - ասաց տնտեսագետը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.