Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված միջազգային համաձայնագրի չեղարկումը «շատ վտանգավոր հետևանքներ» կունենա իսլամական հանրապետության համար:
Զարիֆը նման հայտարարություն է արել երեկ իրանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ՝ առանց մանրամասնելու, թե որոնք են այդ վտանգավոր հետևանքները:
Երեք տարի առաջ ձեռք բերված համաձայնության արդյունքում, հիշեցնենք, միջազգային հանրությունը մասամբ թեթևացրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:
Այս տարվա մայիսի 8-ին, այդուհանդերձ, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: