Քվեների 90 տոկոսի հաշվարկից հետո Էրդողանը և նրա կուսակցությունը մնում են առաջատար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմում է իր աջակիցներին, Անկարա, 25-ը հունիսի, 2018թ․

Քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվարկից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը արտահերթ նախագահական ընտրությունների միանձնյա առաջատարն է:

Պաշտոնական Anadolu գործակալության տվյալներով՝ կիրակնօրյա ընտրություններին մասնակցած Թուրքիայի քաղաքացիների մոտ 52 տոկոսը կամ ավելի քան 23 միլիոն ընտրող քվեարկել է 2002 թվականից իշխանության ղեկին գտնվող Էրդողանի օգտին:

Թուրքական ընդդիմությունը, սակայն, այս տվյալների հրապարակումից անմիջապես հետո հայտարարեց, որ պետական քարոզչամեքենան ընտրատեղամասերը փակվելուց անմիջապես հետո զբաղված է հասարակական կարծիքի ուղղորդմամբ:

«Anadolu գործակալության հրապարակած տվյալների մի հավատացեք: Դրանք պաշտոնական տվյալներ չեն: Եթե քվեների հաշվարկում այս տրամաբանությունը պահպանվի, ապա նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է», - քվեների մոտ 50 տոկոսի հաշվարկից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկը` Բյուլենթ Թեզջանը:

Նշենք, ի դեպ, որ երեկ ողջ օրվա ընթացքում ընդդիմությունը հաղորդում էր երկրի տարբեր հատվածներում արձանագրված խախտումների մասին:

Ընդդիմադիր Sozcu թերթը, օրինակ, սիրողական մի տեսագրություն հրապարակեց իր կայքում `պնդելով, թե դրանում Էրզրումի տեղամասերից մեկում Էրդողանի օգտին իրականացված լցոնման դեպք է պատկերված:

Ընդդիմության ներկայացուցիչները խոսում էին նաև Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում ընտրողների հանդեպ գործադրված ճնշումների մասին:

Քվեարկության ավարտից մի քանի ժամ առաջ էլ Էրզրումի Կարաչոբան շրջանում գտնվող տեղամասերից մեկում` ընդդիմադիրների և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների միջև ծագած ընդհարման ժամանակ սպանվեց նախագահի թեկնածու Մերալ Ակշեների տեղական նախընտրական շտաբի անդամներից մեկը:

Երեկ նախագահական ընտրությունների զուգահեռ անցկացված խորհրդարանական ընտրությունների պատկերը ևս բավական դրական է Էրդողանի համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Ազգայնական շարժման նախընտրական դաշինքը, ըստ քվեների ավելի քան 89 տոկոսի հաշվարկի, ստանում է թուրք ընտրողների ձայների 54 տոկոսը:

Ընդդիմադիր երեք կուսակցությունների`Ժողովրդա-հանրապետականի, «Լավ» կուսակցության և իսլամիստական «Բարօրության» կազմած դաշինքը ստանում է քվեների մոտ մեկ երրորդը: Վերջին տվյալների համաձայն՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 10 տոկոսի շեմը հաղթահարել է նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշը շուրջ երկու տարի է արդեն ինչ բանտարկված է: