Երկրապահ կամավորական միությունն (ԵԿՄ) այսօր հրավիրված վարչության նիստում որոշեց կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։
ԵԿՄ-ն նաև որոշեց կազմակերպել ու սեղմ ժամկետում համագումար հրավիրել, որտեղ, ըստ ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանի, կորոշվի ԵԿՄ կառավարման հետագա ձևը։ Քննարկվող ամենահավանական տարբերակն, ինչպես Հայրապետյանը փոխանցեց, կոլեգիալ կառավարումն է։
ԵԿՄ վարչությունը նաև դատապարտող հայտարարություն ընդունեց, որում, սակայն որևէ անձ մատնանշված չէր։
Հայրապետյանն ասաց, որ հարգում են անմեղության կանխավարկածը և դատապարտում են ոչ թե Մանվել Գրիգորյանին, այլ երևույթը:
Նիստը տևեց մի քանի ժամ, այն ընթացավ բավական թեժ մթնոլորտում, ԵԿՄ վարչության բակից լրագրողներին երբեմն լսելի էր դառնում հայհոյանքներ, վիճաբանություն: ԵԿՄ փոխնախագահը պնդեց, թե այս ամենը հատուկ է երկրապահներին, որևէ արտառոց բան չկա:
Նշենք, որ 1993 թվականին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 1999-ից: Նա վերընտրվել է չորս անգամ:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք է բերել և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։
Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև՝ որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում: