Թուրքիայում ընտրություններն ավարտվեցին, մեկնարկում է ձայների հաշվարկման գործընթացը

Թուրքիայի նախագահն ընտրատեղամասում, 24-ը հունիսի, 2018թ․

Թուրքիայում տեղական ժամանակով 17:00-ին ավարտվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունները և շուտով կսկսվի ձայների հաշվարկման գործընթացը:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, քաղաքական բոլոր առաջնորդները կատարել են իրենց քաղաքացիական պարտքը և քվերակել։

Ընդհանուր առմամբ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են ընտրություններին:

Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության, քվեարկությունն ընդհանուր առմամբ խաղաղ է ընթացել: Այնուհանդերձ, ընդդիմադիր լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բազմաթիվ հաղորդումներ ու տեսանյութեր են տարածվել ընտրախախտումների, ընտրակեղծիքների, կրկնաքվեարկությունների, իշխանությունների կողմից վարչական լծակների գործադրման և հակառակորդ ուժերի առաջկիցների միջև բախումների մասին:

Սոցիալական հարցումների ու փորձագիտական վերլուծությունների արդյունքների համաձայն, նախագահ Ռեջեփ Էրդողանին ու նրա կուսակցությանն, ամենայն հավանականությամբ, կհաջողվի հաղթել այս ընտրություններում:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն․ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները ընտրություններում հանդես են գալիս «Ժողովրդական դաշինք»-ի ներքո: Իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, «Լավ», «Երջանկություն» կուսակցությունների հետ միասին միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական, ինչպես նաև «Հայրենիք» և «Ազատ գործ» կուսակցություններն ընտրություննեին մասնակցում են առանց դաշինքների:

Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ․ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն առաջադրել է Մուհարեմ Ինջեին, «Լավ» կուսակցությունից նախագահի թեկնածուն Մերալ Աքշեներն է, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք» կուսակցությունից՝ Դողու Փերինչեքը: