«Սա իմ շնորհակալությունն է բարերարին»․ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի արձանը

Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն այսօր տեղադրվեց Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։

Արձանը բացեցին արձանի տեղադրումը նախաձեռնած, ծնունդով գյումրեցի Միացյալ Նահանգներում բնակվող Գրիգոր Բեդիրյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Գյումրիի քաղաքապետն ասաց՝ դեռ Քըրքորյանի կենդանության օրոք է ցանկացել, որ Գյումրին ունենա բարերարի անունով փողոց ու արձան, սակայն Քըրքորյանը հրաժարվել է:

«Այսօր շատ գեղեցիկ օր է, հետաքրքիր արձան տեղադրվեց հենց Քըրք Քըրքորյանի փողոցում, քայլող արձան, որը մեր քաղաքի համար առաջինն է։ Մարդ, անհատականություն, ազգային հերոս, որը մեր քաղաքի համար շատ մեծ բաներ է արել», - իր ելույթում ասաց Բալասանյանը։

Գրիգոր Բեդիրյանն էլ ասաց՝ սա պարզապես իր շնորհակալությունն է գյումրեցի անօթևանների համար բնակարաններ կառուցած բարերարին։

«Ես առաջին անգամ, որ տուրիստ եկա՝ 1992 թվականին, տեսա քաղաքի խայտառակ վիճակը, իսկ 2004 թվականին, որ եկա, արդեն տեսա վերակառուցված քաղաքը, գեղեցիկ քաղաք էր, հարցրեցի, թե ո՞ւմ շնորհքն է սա, պարզվեց, որ հենից իր շնորհքն է՝ իր բարերարություններով, և այն ժամանակվանից որոշեցի, որ առաջին հնարավորության դեպքում մեր երախտագիտության խոսքն ասել էս մարդու արած բարօրության համար։ Իմ արածը մեծ բան չէ։ Երիտասարդները թող սովորեն երախտապարտ լինել», - ասաց նախաձեռնության հեղինակը։

Հարցին, թե երբևէ առիթ ունեցե՞լ է հանդիպել Քըրքորյանին, Բեդիրյանը պատասխանեց․ - «Հանդիպում ունեցել եմ 1996 թվականին՝ մի անգամ ճաշ ենք կերել»։

Գրիգոր Բեդիրյանը չցանակացավ նշել, թե որքան գումար է ծախսել արձանի տեղադրման համար:

Արձանի հեղինակ, քանդակագործ Արտուշ Պապոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մինչև աշխատանքը սկսելը նախ ուսումնասիրել է Քըրքորյանի կենսագրույթունը, նկարներն ու տեսանյութերը և դրանց հիման վրա ստեղծել արձանը։

«Գտա որ ինքն ավելի ազատամիտ, ազատ, բարդույթներից հեռու, շատ անկախ, հասարակ մարդ է, դրա համար ես իրեն ազատության մեջ եմ պատկերել», - ասաց քանդակագործը։

Հիշեցնենք՝ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմադրամի միջոցներով ոչ միայն Գյումրիում այլ նաև աղետի գոտու այլ բնակավայրերում բնակարաններ կառուցվեցին, Հայաստանում թանգարաններ հիմանորգվեցին, ճանապարհաշինական մեծ ծրագիր իրականացվեցին:

Ընդհանուր առմամբ ամերիկահայ բարերարը Հայաստանին նվիրաբերել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլար։