Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԼՂ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա, հունիսի 22-ին Արցախի Քրեկան օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է առանձնապես խոշոր չափերով յուրցման փաստով, Արցախի ոստիկանության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «2016 թվականի ապրիլին Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) ղեկավար կազմը յուրացնելու նպատակով հափշտակել է տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ, սննդամթերք և ծխախոտ ու այն պահել Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքի տարածքի «Միրզաջան» կոչվող տեղանքում տեղակայված ընկերության պահեստում»։
Ըստ հաղորդագրության, քրեական գործի նախաքննությունը հանձնարարված է քննչական խմբին, գործի վերաբերյալ փաստական տվյալները կհաղորդվեն լրացուցիչ։
Ավելի վաղը՝ հունիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը հաղորդել էր, որ ԼՂ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ, ինչպես նաև 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ», «Գյումրին Ձեզ հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին» գրառումներով:
Հիշեցնենք՝ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք է բերել և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։
Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև՝ որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում: