Թուրքիայում այսօր արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ են

Էրդողանը քարոզարշավի ժամանակ, արխիվ

Թուրքիայում այսօր տեղի են ունենում արտահերթ խորհրրդարանական և նախագահական ընտրություններ։ Երկրում բացվել է 180 հազար ընտրատեղամաս։

Ըստ հարցումների, հիմնական ֆավորիտը համարվում է գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա հիմնական մրցակիցը Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեին է։

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2019-ի նոյեմբերին, սակայն այս տարվա ապրիլին երկրի նախագահը պնդեց, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնցով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով:

Փոփոխությունների համաձայն կլուծարվի վարչապետի պաշտոնը, փոխարենը էականորեն կուժեղացվի նախագահական ինստիտուտը:

Փորձագետների համոզմամբ, արտահերթ ընտրությունները միայն մեկ նպատակ ունեն՝ է՛լ ավելի ամրապնդել Էրդողանի դիրքերը: