Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել պետական ծրագրերի շրջանակներում պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, առանց մրցույթ կազմակերպելու, 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտայնութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ:
Պարզվել է, որ «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն Վրաստանից տոննայի հաշվարկով, 1 տոննան 340 ԱՄՆ դոլարով, ձեռք է բերել ազոտական պարարտանյութ, որը պետք է ներմուծվեր 50 կգ-անոց պարկերով։ Իրականում ներմուծված պարկերն ունեցել են ավելի քիչ ծավալ, սակայն շահառուներին՝ գյուղացիներին, իրացվել են որպես 50 կգ.-անոց պարկեր և արդյունքում, նախնական հաշվարկներով, խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 158 միլիոն 400 հազար ՀՀ դրամ գումար։
Չարաշահումների այլ մեխանիզմ է բացահայտվել ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ներկրման և բաշխման գործընթացում։ «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից և Ռուսաստանից ներկրելով նշված երկու տեսակի պարարտանյութերը, 2015 թվականի ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար ավելի քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար:
Ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա՝ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումների հնարավոր այլ դրսևորումները, դրվագները բացահայտելու ուղղությամբ։