Միացյալ Նահանգների սենատորները երկրորդ անգամ են արգելափակում Թուրքիային ամերիկյան գերժամանակակից, անտեսանելի համարվող F-35 կործանիչների վաճառքը, քանի դեռ Անկարան չի չեղարկել Ռուսաստանի հետ կնքված՝ C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը:
ԱՄՆ Սենատի բյուջետային հատկացումների հանձնաժողովը ժամեր առաջ հատուկ լրացում է կատարել Թուրքիային կործանիչների վաճառքը թույլատրող փաստաթղթում, որով արգելվել է գործարքը:
Առաջին անգամ Սենատը արգելել էր վաճառքը հունիսի 18-ին:
Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն բազմիցս արտահայտել են իրենց մտահոգությունը C-400-ների վաճառքի ռուս-թուրքական 2016 թվականի գործարքի վերաբերյալ:
Սենատոր Քրիս Վան Հոլենը մտահոգություն է հայտնել նաև, որ F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային կարող է հնարավորություն տալ Մոսկվային տեղեկանալ ամերիկյան նոր տեխնոլոգիաներին, ինչը թույլ կտա Ռուսաստանին արդյունավետ պայքարել այդ ինքնաթիռների դեմ: