Վրաստանի նորանշանակ վարչապետը կառուցվածքային և կադրային լուրջ փոփոխություններ է խոստանում

Վրաստանի նորանշանակ վարչապետ Մամուկա Բախտաձե

Վրաստանի խորհրդարանը երեկ ավելի քան 5 ժամ տևած հարցուպատասխանից հետո 36-ամյա Մամուկա Բախտաձեին քվեների 99 կողմ 6 դեմ հարաբերակցությամբ հաստատեց երկրի վարչապետի պաշտոնում:

Բախտաձեի կառավարությունը, սակայն, ժամանակավոր բնույթ ունի: Նորանշանակ վարչապետը հայտարարում է, որ առաջիկա երեք շաբաթներին պատրաստվում է գործադիր իշխանությունը արմատական կառուցվածքային փոփոխությունների ենթարկել, որից հետո, հուլիսի կեսերին, ևս մեկ անգամ կգա խորհրդարան` արդեն խորհրդարանականների երկարաժամկետ հավանությանն արժանանալու ակնկալիքով:

«Իմ տեսակետը հետևյալն է. հաշվի առնելով երկրի կյանքում, մասնավորաբար, տնտեսությունում առկա մարտահրավերները, նաև մեր տնտեսության ընդհանուր ծավալները, 11 նախարարն այն առավելագույնն է, որ անհրաժեշտ է Վրաստանի կառավարությանը»,- հայտարարում էր Բախտաձեն` հատուկ ընդգծելով, որ պատրաստվում է կառավարությունում ոչ միայն կառուցվածքային, այլև կադրային լուրջ փոփոխություններ կատարել:

«Առաջիկայում մենք մի շարք նոր դեմքեր ենք տեսնելու կառավարության կազմում: Այժմ կադրային նշանակումների շուրջ բանակցություններ են ընթանում: Կառավարության կազմը համալրվելու է նախևառաջ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներով, որոնք աչքի են ընկնում թե՛ իրենց փորձով, թե՛ որակական հատկանիշեներով»,- նշել է Վրաստանի նորանշանակ վարչապետը:

Վրացական լրատվամիջոցները նկատում են, որ նախկինում որպես «Վրացական երկաթուղիների» ղեկավար և ֆինանսների նախարար պաշտոնավարած Բախտաձեն խորհրդարանականների հետ թեժ քննարկումների ժամանակ իրեն բավական վստահ էր դրսևորում: Ընդդիմադիր պատգամավորների սուր հարցերը նրան այդպես էլ հունից չհանեցին, անգամ երբ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան հարցականի տակ դրեց նախկին վարչապետ Կվիրիկաշվիլիի պաշտոնանկության և Բախտաձեի նշանակման գործնական նպատակահարմարությունը:

«Ձեր փայլուն գաղափարներից ո՞ր մեկն էր, որ արգելափակվեց Գեորգի Կվիրիկաշվիլիի կողմից»,- հարց ուղղեց Բախտաձեին Գիգա Բոկերիան` կրքոտ հակադարձման փոխարեն բավական դիվանագիտական ու չեզոք պատասխան ստանալով: «Գեորգի Կվիրիկաշվիլին բազմաթիվ լավ գաղափարներ ուներ, այնպես որ ես չեմ կարծում, որ տեղին է խոսել արգելափակման կամ նման այլ երևույթների մասին»-, ի պատասխան, ասել է Բախտաձեն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ քաղաքական այս ուժի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նորանշանակ վարչապետին յուրատեսակ «քարտ-բլանշ» է տվել` նրան թույլատրելով նոր կառավարության կազմը ձևավորել սեփական հայեցողությամբ:

Իվանիշվիլիի կողմից նորանշանակ վարչապետի հանդեպ տածած վստահությունը պատահական չէ․ վրացական մի շարք աղբյուրների պնդմամբ՝ Մամուկա Բախտաձեն Իվանիշվիլիի ավագ որդու` Ուտայի մերձավոր շրջապատից է, ինչն էլ, ըստ վերլուծաբանների, նրան զգալի անկախության հնարավորություն է տալիս նրան: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ևս հաստատում է՝ Բախտաձեն օժտված է լինելու բավական լայն լիազորություններով թե՛ երկրի օպերատիվ կառավարման, թե՛ կադրային խնդիրների լուծման առումով:

«Կառավարության նոր կազմի ձևավորումը վարչապետի լիազորությունների շրջանակում է, վարչապետի պաշտոնն այսուհետ զբաղեցնում է Մամուկա Բախտաձեն: Ուստի՝ հենց Մամուկա Բախտաձեն է որոշելու, թե ով կընդգրկվի նոր կառավարության կազմում, դա վարչապետի որոշումն է լինելու»,- նշում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: