Կվերացվեն դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները

Արխիվ

ԿԳ նախարարի խոսքով, այդ ակումբները «նաև ԵԿՄ որոշ առաջնորդների փառաբանմամբ էին զբաղված»:

Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է փակել Հայաստանի շուրջ 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները: Այս մասին «Ազատությանն» ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տեղեկացնելով, որ ամեն տարի կառավարության պահուստային գումարներից այդ ակումբների ու ճամբարների համար հատկացվել է մոտ 130 միլիոն դրամ:

Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից նախարարն ուսումնասիրել է կատարաված գրեթե բոլոր հատկացումները և այժմ հայտարարում է՝ ի թիվս մի շարք այլ ծրագրերի, «Պատանի երկրապահ» ակումբների ֆինանսավորումն էլ կդադարեցվի: Հարությունյանի խոսքով, որևէ ծրագրի իրագործման համար հարկ է նախ ճշտել ծրագրի նպատակը, հայտարարել մրցույթ ու հաղթողին վստահել դրա իրականացումը: Մինչդեռ, այս դեպքում տարբեր կազմակերպությունների «անհասկանալիորեն» դրամաշնորհներ են տրամադրվել, ու «վերջնարդյունքում պարզ չէ», թե ԿԳՆ-ն ինչ է ուզել ստանալ»:

Այդ ակումբները դպրոցներում գործել են Երկրապահ կամավորականների միության, Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում: 2014 թվականին հուշագրի ստորագրման օրը գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր՝ սա կարևոր նախաձեռնություն է, որը երեխաներին կօգնի՝ հայրենասեր մեծանալ: «Հայրենաճանաչություն, ինքնաճանաչությունն իմանան էլի երեխեքը»,- ասել էր գեներալը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունն ասում է՝ այս ծրագրի կարիքն այսօր չկա, դա նաև կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում ու ծառայեցվում բորովին այլ նպատակի: «Դրանք նաև ԵԿՄ-ի որոշ առաջնորդների փառաբանման դասընթացներ էին, մենք դրա կարիք այս պահին չունենք: Եվ առհասարակ՝ ռազմահայրենասիրությունը որոշ անձանց փառաբանմամբ չէ, որ պետք է տեղի ունենա»,- ասում է ԿԳ նախարարը:

ԿԳ նախարարի խոսքով՝ առողջապահության նախարարությունն էլ մտահոգություններ է ունեցել, որ ԵԿՄ ամառային ճամբարներում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պայմանները:

Տեղեկանալով ԿԳՆ-ի այս որոշման մասին, ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն «Ազատությանը» փոխանցեց՝ դպրոցներից բացի, իրենք ԵԿՄ բաժանմունքներում էլ ունեն «Պատանի երկրապահ» ակումբներ, և եթե ծրագիրը կասեցվի՝ իրենց կողմից արվող «հայրենասիրական գաղափարախոսության քարոզի» շրջանակները կնեղանան: Հայրապետյանն ընդգծեց՝ երբ ԵԿՄ-ն նոր վարչություն կձևավորի, ակումբների վերացման որոշումը վերանայելու խնդրանքով կդիմեն կառավարությանը:

«Դպրոցը չի տուժի, կտուժի երեխան․․․ սա կրթության նախարարության մենաշնորհը չէր, կառավարության հավանությունը պետք է լինի: Ես կարծում եմ՝ կառավարության նոր ղեկավարը ժողովրդի կողմից սիրված անձնավորություն է, և կարծում եմ՝ ամենի ինչ պետք է անի, որպեսզի հայրենասիրությունը բարձր հիմքերի վրա դրվի»,- ասաց Հայրապետյանը:

Հունիսի սկզբին ԿԳ նախարարը խորհրդարանում հայտարարել էր, որ քննարկելու համար հետ են կանչել ամիսներ առաջ մշակված ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը: Արայիկ Հարությունյանը նաև ընգծել էր, որ դրան կանդրադառնան կրթության ոլորտի 2020-2030 թվականների հայեցակարգի ծրագրի քննարկումից հետո: