Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Լամբարյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը և 500 հազար դրամ գրավի դիմաց փոխեց Լամբարյանի խափանման միջոցը։
Սպասվում է, որ առաջիկա ժամերին վճարման անդորրագիրը դատարան կներկայացվի և Լամբարյանն ազատ կարձակվի։
Նշենք, որ դատարանի որոշմամբ կալանքից արդեն ազատ են արձակվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 9-ը։
«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:
Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։