Վարչապետը չընդունեց Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցրի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Այդ մասին վարչապետը հայտարարեց այսօր կառավարության նիստի մեկնարկին։

Նա նշեց, որ Թանդիլյանի հետ շարունակելու են համատեղ աշխատանքը։

«Ես չեմ ընդունել հրաժարականը։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում՝ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ նաև տնտեսական զարգացման նախարարի և արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք համատեղ այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»։

Նշենք, որ խորհրդարանը երեկ ձայների 78 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների առաջարկը, հիշեցնենք, կառավարությունն ընդունեց հունիսի 11-ին: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:

Կառավարության նիստում բուռն քննարկումների արդյունքում ընդունված որոշումը դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում, աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Այդ հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար: Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ: Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական ու ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչը ամբողջ ծավալով ներդրման համար: Ես լիահույս էի, որ նոր Կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա», - պարզաբանել էր Թանդիլյանը:

Մանե Թանդիլյան

​Վարչապետն այսօր նշեց, որ նախագիծը կառավարությունում ընդունելու առանցքային նպատակը նախևառաջ ժամանակ շահելն էր։ «Որպեսզի հանդարտ՝ առանց ցայտնոտի, խորը, լուրջ քննարկում ունենանք։ Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի», - ասաց Փաշինյանը։

Առաջիկա երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացվի փոփոխությունների նախագիծ, ինչպես նախարար Մանե Թանդիլյանը նշեց, հույս ունի, որ աշնանը փոփոխությունների նախագիծը կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը։