Միացյալ Նահանգները Վրաստանին Stinger տեսակի շարժական զենիթահրթիռային կայաններ կտրամադրի: Այդ մասին Վրաստանի խորհրդարանում երեքշաբթի օրը հայտարարեց պաշտպանության նախարար Լևան Իզորիան` նշելով, որ Պենտագոնի պաշտոնյաների հետ նման համաձայնություն ինքը ձեռք է բերել Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ընթացքում:
«Մեր գլխավոր առաջնահերթությունը Վրաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներին մարտավարական բնույթի հակատանկային համակարգերով ապահովելն էր: Մենք այդ խնդիրը կարողացանք լուծել դեռ այս տարեսկզբին, երբ ամերիկացիներից Javelin տեսակի համակարգեր ձեռք բերեցինք: Այժմ ահա Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Stinger տեսակի մարտավարական հակաօդային համակարգերի մատակարարման շուրջ», - հայտարարում էր Լևան Իզորիան:
Հիշեցնենք՝ տանկերի դեմ պայքարի համար նախատեսված Javelin շարժական համակարգերի ձեռքբերման առաջին փուլը Վրաստանն ավարտեց այս տարվա հունվարին: Դեռ 2017-ի նոյեմբերին թվով 72 Javelin համակարգերի և ավելի քան 400 հրթիռների վաճառքը Թբիլիսիին արժանացել էր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հավանությանը: Գործարքի ընդհանուր ծավալն, ըստ վրացական աղբյուրների, կազմում էր 75 միլիոն ամերիկյան դոլար:
Stinger-ների վաճառքի շուրջ առաջիկա գործարքի ֆինանսական բաղադրիչը վրացական իշխանությունները դեռ չեն բացահայտում` նշելով միայն, որ հետևելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներքին կանոններին՝ չեն պատրաստվում գումար տնտեսել երկրի պաշտպանական բյուջեի հաշվին:
«Մեր նպատակն է համապատասխանել ՆԱՏՕ-ի սահմանած չափանիշներին, այդ իսկ պատճառով Վրաստանի պաշտպանական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մեր երկրի ռազմական բյուջեի 20 տոկոսն ուղղվում է Զինված ուժերի համար սպառազինության ձեռքբերմանը, ինչը ևս Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր չափանիշներից մեկն է:Այս առումով մենք նույն ցուցանիշներն ունենք, ինչ դաշինքի ևս ութ անդամ պետություններ», - հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարարը: