Ելնելով Ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
Ըստ կառավարության e-gov.am կայքում հրապարակված որոշման, հանձնաժողովի նախագահ է նշանակվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քարտուղար՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (համաձայնությամբ)։
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը, դիմել էր խորհրդարանական խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձևավորել աշխատանքային խումբ:
Հիշեցնենք՝ Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այնպես էլ խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական ուժերից երեքն անհրաժեշտ են համարում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը պետք է հաջորդի ընտրական համակարգի բարեփոխումներին, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունն էլ տվյալ հարցով քննարկումների պատրաստակամություն է հայտնում:
Արտահերթ ընտրությունների օգտին են արտահայտվում նաև մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժեր: