Ռուսաստանը Հայաստանին արտահանձնեց հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացուն

Ռուսաստանի գլխավոր դատախազության շենքը Մոսկվայում

Ռուսաստանը, ՌԴ գլխավոր դատախազության որոշմամբ, Հայաստանին է արտահանձնել Կուբայի քաղաքացի 38-ամյա Օրտեգա Բենկոմոյին։ Այս տեղեկությունը երեկ «Ինտերֆաքս»-ին փոխանցել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունից։

Հայաստանի իրավապահները նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել անցյալ տարվանից։ Նա մեղադրվում է խարդախության միջոցով մեծ գումարներ հափշտակելու մեջ։

Ըստ հրապարակված նյութի, Բենկոմոն 2014-2015 թվականներին Երևանում գումարներ է յուրացրել Հայաստանի քաղաքացիներից՝ Միացյալ Նահանգներ մեկնելու համար փաստաթղթեր ձևակերպելու նպատակով։

Մոսկվայի իրավապահները նրան ձերբակալել են 2017 թվականի մայիսին։ Ավելի քան մեկ տարի անց Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշեց Բենկոմոյին արտահանձնել Հայաստանին։