«Տաշիր» ընկերությունների խումբը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կՎտ*Ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կՎտ*Ժ ծախսից: Այդ մասին տեղեկացնում է «Տաշիր» խմբի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-30 տոկոսը:
«Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է: Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք, որ 2015-ի օգոստոս ամսից մինչև 2016-ի հուլիսը մինչև 250 կՎտ*ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ կառավարության և «Տաշիր»-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով», - ասված է «Տաշիր»-ի հաղորդագրությունում: