«Սա ապրիլյանից հետո հայ ժողովրդի երկրորդ ողբերգությունն է». Արմենակ Ուրֆանյանի մայր

«Մարդկային խիղճը մեռած է էդ մարդու մեջ», - Մանվել Գրիգորյանի մասին ասում է Համեստ Ներսիսյանը։

Գեներալ Մանվել Գրիգորյանի տանը «Զինվորի բաժին» մակագրումով սննդի ու օգնության հայտնվելը, որը, ըստ դրանք հայտնաբերած իրավապահների, հասցեատերերին այդպես էլ չէր ուղարկվել, «ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովրդի երկրորդ ողբերգությունն է»։ Սա ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ներսիսյանի գնահատականն է։

«Ես ախր չեմ հասկանում, ո՞նց կարելի է։ Իմ տղայի դասակի հրամանատարը պատմում է, ասում է՝ «Համեստ տոտա, մենք երեք օր խոտով ենք սնվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ուրֆանյանի մայրը։

Որդու մահից հետո Պաշտպանության նախարարությունում աշխատանքի անցած Համեստ Ներսիսյանն ասում է՝ ենթադրություններ ուներ, որ բանակը տարիների ընթացքում թալանվել է, բայց աչքը տեսածին է հավատում։

«Էն որ փաստը չես տեսնում, ոնց որ չհավատաս, բայց որ փաստացի դա նկարել են... ախր դու էդ շտապօգնության մեքենան ինչի՞ համար ես պահել, ասա հասկանամ էլի։ Հենց ես համակարգչով տեսանյութը տեսա, ես իմ արցունքները չէի կարողանում զսպել», - ասաց տիկին Համեստը։

Զոհված կապիտանի մայրը հատկապես ցավ է ապրել, երբ տեսել է, որ դպրոցական երեխաների նամակները, նրանց շնորհակալությունը, անկեղծ խոսքերը չեն հասել զինվորին. - «Ես որ տղաների հետ խոսում եմ, ասում են՝ «երբ որ դու սահմանին կանգնած ես ու մի փոքրիկ երեխա քեզ գրում է, դու ոգևորվում ես», դա իրոք ոգևորում է զինվորին։ Ի՞նչ ասեմ, խիղճ, մարդկային խիղճ, որը մեռած է էդ մարդու մեջ»։

Նախկին իշխանություններից վիրավորված ծնողի համար ցավալին ոչ միայն անուշադրությունն է, այլ նաև վերաբերմունքը, երբ, օրինակ, քառօրյայի տարելիցին Երևանում հրավառություն էր՝ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի առթիվ։

«Ոչ մի ծնող էլ չի մոռանա. ապրիլի 2-ի հրավառությունը երբեք չեմ մոռանա», - ասաց Համեստ Ներսիսյանը։

Շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով:

Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ առկա կասկածների, Գրիգորյանը ներգրավված է եղել նաև բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց խուզարկության տեսանյութը: