Ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան այսօր նախարարություն է հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների և հունիսի 18-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին:

Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը հայտնել է, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, և հրավիրել երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Նախարար Արթուր Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ մշակման փուլում է ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է լինելու խթանել ՀՀ-ում անասնապահությունը և բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։ Նա ներկայացրել է առկա ու նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման և արոտների բարելավման, ինչպես նաև անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։