Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը մոտ ապագայում կարող է համալրվել Cу-30СМ կործանիչներով․ "Коммерсантъ"

«ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։)», - հունիսի 17-ին Ֆեյսբուքում տեղադրած այս լուսանկարին կից գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Այս մասին «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» վերնագրված հոդվածում գրում է մոսկովյան "Коммерсантъ"-ը: Թերթի տեղեկություններով` խոսքը կործանիչների առնվազն մեկ էսկադրիլիայի, այսինքն՝ 12 օդանավերի ձեռքբերման մասին է:

«Կործանիչների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել պատվիրատուի մոտ ծագած ֆինանսական խնդիրների պատճառով», - գրում է մոսկովյան թերթը:

Վկայակոչեով իր աղբյուրները՝ "Коммерсантъ"-ը պնդում է․ - «Հայաստանի կողմից Cу-30СМ-երի ձեռքբերման մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում մի լուսանկար տեղադրեց, որում ինքը նստած է «Էրեբունի» օդանավակայանում կայանված ռազմական ինքնաթիռի օդաչուի խցիկում», - գրում է թերթը:

Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի պաշտոնյաներն առայժմ հրաժարվում են որևէ մեկնաբանությամբ հանդես գալ, սակայն "Коммерсантъ"-ի աղբյուրները կործանիչների հնարավոր վաճառքի մասին որոշ մանրամասներ արդեն իսկ հաղորդում են:

«Հայ զինվորականները առաջին անգամ Cу-30СМ օդանավերի նկատմամբ լուրջ հետաքրքրություն սկսեցին ցուցաբերել դեռ 2010 թվականին, երբ պարզ դարձավ, որ հայկական ռազմաօդային ուժերի ողջ զինանոցը արդիականացման կարիք ունի». - այս մասին մոսկովյան պարբերականին ասել են Ռուսաստանի ռազմաավիացիոն արդյունաբերության մի շարք բարձրաստիճան ղեկավարներ: "Коммерсантъ"-ի տեղեկություններով՝ 2012-ին արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտոնել էր Հայաստանին առնվազն 12 կործանիչների վաճառքը: Հետագայում սակայն, ըստ թերթի, Հայաստանը բախվեց ֆինանսական խնդիրների, և տարիներ շարունակ կողմերը անարդյունք քննարկումներ էին ծավալում այս հարցի շուրջ:

«Մոսկվան փորձում էր լուծել հայկական կողմի ֆինանսական խնդիրները` թույլ տալով Երևանին ինքնաթիռները ձեռք բերել ռուսաստանյան ներքին գներով», - գրում է թերթը: "Коммерсантъ"-ի պնդմամբ՝ Մոսկվայում ցանկանում են շուտափույթ կերպով ձեռնամուխ լինել Հայաստանից ստացված պատվերի կատարմանը, քանի որ դա, իր հերթին, կլուծի Իրկուտսկի ավիացիոն գործարանի կոլեկտիվին մինչև 2022 թվականը աշխատանքով ապահովելու հարցը:

Թերթի տեղեկություններով՝ վերջին անգամ Cу-30СМ-ի ձեռքբերման հարցը պաշտոնական մակարդակում Երևանը և Մոսկվան քննարկել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մի քանի ամիս առաջ:

«Հենց այդ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները տեղեկացրեցին ռուսաստանցի բանակցողներին, որ օդանավերի ձեռքբերումը հետաձգում են ևս վեց տարով, այսինքն՝ մինչև 2024 թվական», - գրում է "Коммерсантъ"-ը` հավելելով․ - «Ռուսաստանն այս համաձայնագիրն այժմ ակնկալում է կյանքի կոչել Հայաստանի նոր ղեկավարության հետ»: