Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ազգային ժողովը համաձայնություն տվեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը:

Քվեարկությունները գաղտնի էին։ Երկու դեպքում էլ 3-ական պատգամավոր դեմ էին քվեարկել:

Մանվել Գրիգորյանը ներկա չէր այսօրվա քննարկումներին։ Բաբլոյանն ասաց, որ Գրիգորյանն իրեն նամակով տեղյակ է պահել, որ հրաժարվում է մասնակցել նիստին: Նամակի տեքստը չհրապարակեց: aysor.am-ի փոխանցմամբ, այդ նամակում Գրիգորյանը հավաստիացրել է, թե ցանկություն չունի խոչընդոտել նախաքննությանը, կոչ էր արել իր բացակայությամբ համաձայնություն տալ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն:

Ըստ հրապարակված նամակի, Գրիգորյանը վստահ է, որ իր անունը կվերականգնի․ նախաքննության ընթացքում պատրաստվում է ներկայացնել հակափաստարկներ։

Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց ապօրինի զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով: Դատախազության կարծիքով, պատգամավորը պետք է կալանավորվի՝ գործին չխոչընդոտելու համար:

Խորհրդարանի ամբիոնից Գլխավոր դատախազը հայտարարեց, թե ձեռք բերված ապացույցները բավարար են, որպեսզի Գրիգորյանին առաջադրվեն ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մեղադրանքներ:

Քրեական հոդվածներից մեկով նախատեսվում է մինչև վեց, մյուսով՝ մինչև 8 տարի ազատազրկում։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում իրականացվել է 6 խուզարկություն, արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք ու հրազեն, ավելի քան 71 միլիոն դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար, ավելի քան 67 հազար եվրո, 246 հազար 500 ուկրաինական հրիվնա, 33 տրանսպորտային միջոց՝ կոլեկցիոն ավտոմեքենաներ, նաև՝ զինվորական նշանակության:

Դավթյանի խոսքով, գաղտնալսելով Գրիգորյանի հեռախոսազրույցները՝ իրավապահները պարզել են, որ պատգամավորը հունիսի սկզբից սկսել է տեղափոխել հրազենը․ - «Քննության տվյալների համաձայն, սկսած 2018 թվականի հունիսի 5-ից իր ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրերում բառացի մեջբերմամբ՝ մաքրելու նպատակով»:

Գլխավոր դատախազը նաև պնդեց․ - «Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կապ հաստատելով խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է փոխանցել Արմեն Հակոբյանին, որ նա ներկայանա խուզարկության վայր և, բառացի մեջբերմամբ՝ «ամեն ինչ իր վրա վերցնի»: Բնականաբար Գրիգորյանի հրահանգը կատարվել էր․ շուրջ 30 րոպե անց խուզարկության վայր է ներկայացել Արմեն Հակոբյանը և հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն»:

Գործի նախաքննությունը, ըստ գլխավոր դատախազի, համատեղ կիրականացնեն Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայությունը:

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև Գրիգորյանի պահեստներում հայտնաբերված, իրավապահների պնդմամբ՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին ուղարկված օգնությանը, առաջնագծում կանգնած զինվորներին ուղղված և այդպես էլ հասցեատերերին չգտած դպրոցականների նամակներին:

Արթուր Դավթյանը նաև ասաց, որ Պաշտպանության նախարարությունը Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությանը 2016-2018 թվականներին տրամադրել է ավելի քան 190 միլիոն դրամի պարեն, իրեր և վառելիք, որը նաև ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորների կարիքների համար է եղել․ - «Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանը իր ղեկավարած կառույցին վերը նշված նպատակներով հատկացված գույքը հափշտակել է, տեղափոխել է իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար»:

ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր Գլխավոր դատախազին հարցեր չտվեցին, ելույթներ չունեցան: Միայն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հրապարակեց իրենց որոշումը՝ չեն խոչընդոտելու նախաքննությանը, կողմ են քվեարկելու դատախազի միջնորդություններին: Բայց նաև հայտարարեց, որ հարգելով անմեղության կանխավարկածը՝ հետևողական են լինելու նախաքննությանն ու դատաքննությանը․ - «Դատախազի ներկայացրած մեղադրանքները եթե կհաստատվեն, օրենքի ամենայն խստությամբ հանցագործություններ կատարողները պետք է պատժվեն: Դա անբեկանելի է»:

«Խայտառակություն, սրբապղծություն, դավաճանություն»․․․ խորհրդարանական մյուս խմբակցությունների ներկայացուցիչների արձագանքը բուռն էր։

«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյան․ - «Եթե այս կոռուպցիոն բացահայտումները իսկապես հաստատվեն, ապա Մանվելին չեն փրկի ո՛չ մուրճը, ո՛չ նալը, ո՛չ մեխը: Կփրկի միայն պարանը»:

«Ելք»-ից Հայկ Կոնջորյանի կարծիքով, տարիներ շարունակ կառուցված առասպելը, թե բանակն ամեն ինչից վեր է, իրավապահների բացահայտումով փլուզվեց․ - «Թալանի արդյունքում 30 տոկոս աղքատության պայմաններում, այս աղքատության ու թշվառության ֆոնի վրա նրանց շքեղ կյանքը ուրիշ բան չի կարելի անվանել, քան խրախճանք գերեզմանների վրա»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց Գլխավոր դատախազին՝ ե՞րբ իմացավ, որ Մանվել Գրիգորյանը կատարել է ամբիոնից թվարկած հանցագործությունները:

Լսելով Դավթյանի պատասխանը, որ իմացել է «2018 թվականի հունիսի 5-ից, երբ այս դեպքով սկսվեց իրականացնել վարույթ», Զոհրաբյանն ասաց․ - «Տարիներ շարունակ մամուլը, էջմիածինցիները խոսում էին այն մասին, որ [Մանվել Գրիգորյանը] պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, որ որևէ մեկը առանց Մանվել Գրիգորյանի թույլտվության իրավունք չունի շնչելու և ապրելու»:

Դատախազն արձագանքեց․ - «Ինձ, օրինակ, հիմա հարց հետաքրքրեց․ էդ ամեն ինչին տեղյակ լինելով, եթե դրա մեջ տեսել եք առերևույթ հանցագործության հատկանիշներ, որպես Ազգային ժողովի պատգամավոր երբևէ դիմե՞լ եք դատախազին կամ որևէ իրավապահ մարմնի, որ այդ փաստով իրականացվի վարույթ կամ ստուգվի այդ հանգամանքը»:

Զոհրաբյանը խոստացավ ներկայացնել:

62-ամյա գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը բազմաթիվ շքանշաններ և մեդալներ ունի, արժանացել է Լեռնային Ղարաբաղի ամենաբարձր՝ Արցախի հերոս կոչմանը: