Հիմք ընդունելով պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն Ազգային ժողովի այսօր տված համաձայնությունը՝ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարել է գեներալի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, Հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող երեք քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հաղորդելով այս մասին՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հիշեցնում է, որ «վերոնշյալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար»:
Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը: Իրականացված խուզարկությունների արդյունքներով կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:
Պատգամավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը: