«Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո ավելի քան 150 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը ու չեչեն իրավապաշտպան Օյուբ Տիտեևը: Սենցովն անդեն 37-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Նրա առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան», - ասված է, մասնավորապես, Պետդեպարտամենտի երեկ տարածած հաղորդագրությունում:
Մոսկվայում իրավապաշտպաններն ու կինոգործիչները շաբաթներ ի վեր տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ Սերցովին ազատ արձակելու պահանջով:
Անցած շաբաթ անազատության մեջ գտնվող քաղաքացիներին փոխանակելու հարցը քննարկել էին Ռուսաստանի և Ուկրաինային նախագահները: Սակայն Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի հեռախոսազրույցի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:
Սենցովը դատապարտված է ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով:
Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչին այսօր արձագանքել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը:
«Վաշինգտոնը որևէ բարոյական իրավունք չունի Ռուսաստանից պահանջելու ահաբեկչության համար դատապարտված անձանց ազատ արձակումը: Առավել ևս, որ Միացյալ Նահանգները պարբերաբար ռուսաստանցիների դեմ որս են իրականացնում երրորդ երկրներում», - ասված է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարությունում:
Պաշտոնական Մոսկվայի այլ արձագանք այս պահին դեռ չկա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին մեղադրել էր Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ:
Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունն այսօր, հղում անելով պետդեպարտամենտի անանուն պաշտոնյայի, գրել է, թե Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ղրիմի հարցում նույնն է մնացել:
«Մեր քաղաքականությունը Ղրիմի հարցում անփոփոխ է: Մենք աջակցում ենք Ուկրաինային տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և հակառուսական պատժամիջոցները գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վերադարձրել Ղրիմը Ուկրաինային», - պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: