Խորհրդարանը այսօր քննարկում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Կառավարության առաջարկությամբ՝ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հանրապետական խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով:

Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ըստ առկա կասկածների՝ Գրիգորյանը ներգրավված է եղել նաև բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց խուզարկության տեսանյութը:

Գեներալի ձերբակալության ժամկետը լրանում է այսօր, պատգամավորի նկատմամբ հետագա քրեական հետապնդման և նրան անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը: