Զորամասում վառելիքի հափշտակության դեպքով հարուցվել է քրգործ, մեղադրանք է առաջադրվել մայորին

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է պաշտպանության նախարարության N զորամասում վառելիքի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին:

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը՝ կոչումով մայոր, 2017թ. սեպտեմբերից 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, զորամասի նյութատեխնիկական ապահովման դասակի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ-375» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի երթուղիների վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող ուղեգրեր, ինչի արդյունքում իր ենթակայության տակ գտնվող զորամասի նյութական ապահովման հաշվեկշռից դուրս է գրել զգալի չափերով բենզին և յուրացվել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով և 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում: