Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Մանվել Գրիգորյանի հարցով մեկնաբանություններից

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հարցին ի պատասխան հրաժարվեց մեկնաբանել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ իրադարձությունները:

«Քննություն է ընթանում, սպասենք», - ասաց Հովհաննիսյանը:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հաջորդ օրը Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում ասված էր, մասնավորապես, որ «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: