Հունաստանն ու Մակեդոնիան կիրակի օրը համաձայնագիր ստորագրեցին երկու երկրների միջև երկարամյա վիճաբանությանը վերջ տալու համար:
Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները:
27 տարի շարունակված վիճաբանությունից, հակասությունից հետո կողմերը համաձայնեցին, որ Մակեդոնիան այսուհետև կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիա։
Չլուծված հակասությունը խոչընդոտ էր Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Աթենքը կհանի իր առարկությունները:
«Սա պատմական քայլ է, որտեղ միայն հաղթողներ կան՝ բուժելու համար անցյալի վերքերը և առաջ շարժվելու խաղաղության, փոխշահավետ համագործակցության ճանապարհով ոչ միայն Բալկանների, այլև ամբողջ Եվրոպայի համար», - փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ասաց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևն էլ հայտարարեց, թե հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել առանց համարձակության։
Հիշեցնենք՝ պաշտոնական Աթենքը չէր ընդունում Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը, որ երկիրն ընտրել էր նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո, քանի որ Հունաստանի հյուսիսային նահանգը ևս կոչվում է Մակեդոնիա:
Հակասությունների հաղթահարմանն ուղղված փաստաթուղթը կիրակի օրը ստորագրվեց Հունաստանի, Մակեդոնիայի և Ալբանիայի սահմանների միջև ընկած Պրեսպա լճի մոտ: Արարողությանը մասնակցեցին Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները, Եվրամիության առաջնորդները, ՄԱԿ-ի միջնորդը:
Սակայն դեռ հաղթահարելու դժվարություններ կան՝ երկու երկրների խորհրդարաններում համաձայնագիրը պետք է վավերացվի, Մակեդոնիայի խորհրդարանում հավանություն ստանալու դեպքում հարցը նաև հանրաքվեի է դրվելու:
Փաստաթղթի ստորագրման օրը հույները բողոքի ցույցի դուրս եկան Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի սահմանի մոտ: Նրանք ասում էին, որ «այստեղ ամեն ինչ հունական է, միայն հունական, Մակեդոնիան Հունաստան է»: Ցուցարարների և ոստիկանների միջև նաև բախումներ են տեղի ունեցել:
Երեկ նաև Մակեդոնիայի Բիտոլա քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել: Մակեդոնիայի ազգայնականների առաջնորդները ասում էին, որ այդ համաձայնագիրը կապիտուլյացիա է: «Վարչապետը փոխում է մեր երկրի հարյուրամյա անվանումը», - հայտարարում էին նրանք: