Բախտաձեն առաջադրվել է վարչապետի թեկնածու

Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, Թբիլիսի, 14 հունիսի, 2018թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր ստորագրել է վարչապետի պաշտոնում Մամուկա Բախտաձեի թեկնածությունը խորհրդարանին ներկայացնելու կարգադրությունը: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Բախտաձեի թեկնածությունը նախագահին խորհրդարանական մեծամասնությունն է առաջարկել:

Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանը Քութաիսիում գումարելիք նիստում հավանություն կտա Բախտաձեի թեկնածությանը:

Մամուկա Բախտաձեն կփոխարինի Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով հունիսի 13-ին հրաժարական է ներկայացրել երկրում շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաների արդյունքում:

Մայիսի 31-ից Վրաստանի մայրաքաղաքում սկսվել են բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ դատարանը մեղավորներ չի գտել 2017 թվականին տեղի ունեցած երկու պատանիների սպանության գործով:

Այդ ցույցերի հետևանքով ավելի վաղ հրաժարական է ներկայացրել նաև Վրաստանի գլխավոր դատախազը: