Սեյրան Օհանյանը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով

Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ իր ղեկավարման ժամանակ պաշտպանական գերատեսչությունում չարաշահումներ եղած լինեն: Այդուհանդերձ, ըստ Օհանյանի, եթե ինքը նման գործարքներում ներգրավված լիներ՝ դա ավելի վաղ կբացահայտվեր:

«Մեծ կառույց եմ ես ղեկավարել, և հնարավոր է, որ այդ կառույցում խնդրներ են եղել, որի շրջանակներում ուզում են նաև ինձնից ինչ-որ բան իմանալ: Դրա համար ես պետք է իմանամ ինչ է, որից հետո կանդրադառնամ»,- «Ազատության» ասաց նախկին նախարարը: Հարցին՝ հնարավոր համարու՞մ եք, որ ձեզ ևս գործում ներգրավեն որպես մեղադրյալ, Օհանյանն արձագանքեց․ «Եթե ինչ-որ մի բանում պետք է ներգրավեին, պետք է ժամանակին ինչ-որ բան պարզաբանեին: Հիմա, չգիտեմ, այդքան ժամանակ է անցել, ու ես չգիտեմ, թե հիմա ինչում է խնդիրը: Ես չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ սխալներ եմ արել: Եթե իմ ենթականերն են սխալներ ունեցել, դա արդեն այլ է»:

Պետական եկամուտների կոմիտեն երկու օր առաջ հայտարարեց, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի: Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ բանակում չարաշահումների գործով հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ութ տարի՝ մինչև 2016 թվականի հոկտեմբերը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Օհանյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց նաև, որ հարցաքննության կանչվելու մասին ծանուցում դեռ չի ստացել: «Բոլոր նյութերի հետ ծանոթացել եմ կայքերի միջոցով: Երևի թե իրենք ինչ-որ բան ուզում են ճշտեն, բայց ես տեղյակ չեմ գործին, երբ իմանամ խնդիրն ինչ է, այն ժամանակ կանդրադառնամ»,- ասաց Օհանյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չհստակեցրեց՝ արդյո՞ք հնարավոր է, որ Սեյրան Օհանյանն առաջիկայում որպես մեղադրյալ ներգրավվի չարաշահումների գործով: Միևնույն ժամանակ, ՊԵԿ նախագահը հաստատեց, որ Սեյրան Օհանյանը հրավիրվել է հարցաքննության: «Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»,- ասաց Անանյանը, առանց մանրամասնելու քրգործի բովանդակությունը: ՊԵԿ նախագահը հստակեցրեց՝ նախկին նախարարը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով:

Դավիթ Անանյանն այսօր նաև տեղեկացրեց, որ սկսվել է ապրանքների մաքսազերծման ոլորտում աշխատող «Նորֆոլկ» ընկերության լուծարման գործընթաց: Ըստ ԱԱԾ հայտարարության՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ խուսափելով հարկերից՝ «Նորֆոլկը» 9 ամսում 7 մլն ԱՄՆ դոլարի ապօրինի եկամուտ է ստացել:

Հագուստի փոքրածավալ ներկրողների համար մաքսազերծման կազմակերպման գործում «Նորֆոլկին» կփոխարինի ավելի թափանցիկ աշխատող պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, տեղեկացրեց ՊԵԿ նախագահը: «Պետությունն իր վրա է վերցնում այն պատասխանատվությունը, որը չի կարող վերցնել ոչ պետական որևէ կառույց: Եվ մենք, ըստ էության, ֆիզիկական անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի խնդիրն ենք կարգավորում»,- ասաց Անանյանը:

Նրա փոխանցմամբ՝ մինչև նոր կազմակերպության ստեղծումը, «Նորֆոլկը» Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության ներքո ժամանակավորապես կշարունակի իրականացնել իր գործառույթները:

Այսօր էլ ՊԵԿ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքերով մեկ այլ քրեական գործ է հարուցվել, որն առնչվում է ապրանքների ներկրմամբ զբաղվող ևս երկու ընկերությունների գործունեությանը: ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ երկու «կարգոները» պետությանը 2 մլրդ դրամի վնաս են պատճառել: