«Մեր կառավարությունը համատեղ ուժերով պիտի ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում գերակա լինի օրենքը», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Օգտատերերից մեկի հարցին՝ «Վերջերս արտակարգ իրավիճակների նախարարությունը ապօրինի շարժական ավտոգազալցակայանների խնդրի լուծումը հմուտ ձևով փոխանցեց մարզպետների պատասխանատվության տիրույթ, պատրաստվո՞ւմ եք լուծել այս կնճռոտ խնդիրը, տարածքային կառավարման նախարարությունը նո՞ւյնպես անզոր կգտնվի համայնքային «հեղինակությունների» կողմից կազմակերպվող այս բիզնեսի նկատմամբ», նախարարը արձագանքեց․ - «Մարզպետը պարտավոր է անօրինական ամեն ինչ վերացնել: Այսինքն, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է շարժական գազալցակայաններին՝ եթե օրենքը դա արգելում է, ապա դա պիտի չլինի: Այստեղ մարզպետին կարող են օգնության հասնել, օրենքի շրջանակներում, իրավապահ մարմինները՝ մարզպետը ինքը անձամբ իհարկե դա չի անելու, մարզպետը դիմելու է համապատասխան գերատեսչություններին, և համապատասխան գերատեսչությունները զբաղվելու են դրանով»:
Պապիկյանը հավաստիացրեց, որ «էն պաշտոնյան, ով կապված է «հեղինակությունների», քրեական տարրերի հետ, չի կարող տեղ ունենալ մեր կառավարության և մեր պաշտոնյաների շրջանում»: «Ես երաշխավորում եմ, որ այն մարզպետը, ով կհամագործակցի՝ կուլիսների ետևում, Ձեր նշած «հեղինակությունների» հետ, չի կարող մաս կազմել մեր կառավարության և չի կարող զբաղեցնել մարզպետի պաշտոն», - «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց նախարարը՝ շեշտելով․ - «Ամեն ինչ կարվի, որ մենք հասնենք օրենքի գերակայությանը»:
«Թերևս գաղտնիք չէ, որ մարզերում դեռ հին բարքերն են, միայն մարզպետ փոխելով ակնկալել, որ բան կփոխվի, ժողովրդի մոտ լուրջ չի ընդունվում: Խնդրում եմ խոսեք մարզերում նշանակումների մասին, ավելի նեղացնեմ շրջանակը՝ ինչո՞ւ Գեղարքունիքի մարզում փոխմարզպետները դեռ Հանրապետական կուսակցությունից են: Ե՞րբ ենք մարզաբնակներս ժողովրդին նվիրված ղեկավար տեսնելու», - մեկ այլ օգտատիրոջ այս հարցին էլ Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ - «Արդեն սահմանված կարգով Գեղարքունիքի մարզը ունի մարզպետ, և մեկ ամսվա ընթացքում կփոխվեն նաև փոխմարզպետները, այսինքն՝ երբ կլրանա մարզպետի պաշտոնավարման մեկ ամիսը, դա վերջն է նշանակումների, մենք կունենանք նաև փոխմարզպետներ: Այսինքն՝ հանրապետական փոխմարզպետներ չեք ունենա, հարգելի Գեղարքունիքի բնակիչ»:
«Ինչ վերաբերում է միջին օղակին, այսինքն՝ հիմնական կառավարման միջին օղակի, պրոբլեմներն իրենց ուսերին կրող, լուծող նաև՝ այդ մարդիկ աշխատում են նաև մեր գերատեսչություններում, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե իրենք կուսակցական ինչ պատկանելություն ունեն, և քաղաքացիական ծառայողները իրենց պարտականությունները կատարում են», - վստահեցրեց նախարարը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսը» կարող եք դիտել այստեղ․