Կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից ևս մեկը

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից ևս մեկը՝ Արթուր Սողոմոնյանը։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխարինեց նրա խափանման միջոցը չհեռանալու ստորագրությամբ և նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից։

Նշենք, որ Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ իր վստահորդը «առողջական խնդիրներ ունի, տան միակ կերակրողն է, նորմալ վարքագիծ է դրսևորել և իրավիճակի փոփոխությունից հետո վատ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են և կարիք չկա նրան պահել կալանքի տակ»։ Դատախազները չառարկեցին։

Արթուր Սողոմոնյանը դարձավ 8-րդ ազատ արձակվածը «Սասնա ծռեր» զինված խմբից։ Անցած շաբաթվա ընթացքում դատարանների որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող խմբի 5 անդամ՝ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը և Արամ Հակոբյանը, երեկ դատարանն ազատ արձակեց Սեդրակ Նազարյանին, այսօր ավելի վաղ դատարանն ազատ արձակեց Արթուր Մելքոնյանին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։