Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջիկայում քիչ հավանական է․ Մեկնաբան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Ամփոփելով անցած երկու օրերին Երևանում տեղի ունեցած հանդիպումները՝ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին նշել են՝ «դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը»:

Համանախագահները երկօրյա այցով Երևան էին ժամանել շաբաթասկզբին, առաջին անգամ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հանդիպել Հայաստանի վարչապետին, նախագահին, արտգործնախարարին և պաշտպանության նախարարին:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ բանակցություններին՝ միջնորդները նշել են՝ Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո:

Իրենց հերթին, համանախագահները վերահաստատել են հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների վրա:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը մինչև աշուն քիչ հավանական է համարում ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում Փաշինյան-Ալիև հանդիպումը: Քաղաքագետը, սակայն, չի բացառում Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի ծանոթությունը:

«Մենք տեսնում ենք, որ հայկական կողմում որոշակի պրոցեսներ են գնում՝ իշխանության ամբողջական ձևավորման, տեսնում ենք, որ նաև Արցախում է, ըստ էության, թավշյա իշխանափոխություն տեղի ունենում: Մինչև այդ փոփոխությունները որոշակիորեն չամբողջանան, կարծում եմ՝ այդ հանդիպման մասին խոսելը վաղ կլինի»,- նշում է մեկնաբանը:

Թեև ատարածված պաշտոնական հաղորդագրություններում Ղարաբաղը՝ բանակցային սեղան վերադարձնելու մասին հիշատակումներ չկային, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, համանախագահների հետ հանդիպումների ընթացքում թեմային անդրադարձել են։

Այցելելով Ստեփանակերտ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց նաև կարծում է, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը:

Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե Փաշինյանի այդ հայտարարությունը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին․ Փաշինյանն, ըստ քաղաքագետի, վերջնագրերով չի խոսել։

«Վերականգնել Ղարաբաղի կարգավիճակը՝ որպես բանակցային կողմ, անհրաժեշտ է, որպեսզի լուծվի Ղարաբաղի հարցը: Շատ դրական է, որ նույնիսկ վերապահումով Ռուսաստանը ասաց, որ եթե ադրբեջանցիները համաձայնեն, մենք էլ կհամաձայնենք: Բացի դրանից, այո՛, մենք պետք է աշխատենք ադրբեջանցիների հետ նախօրոք, մինչև առաջին դեմքերի հանդիպումը»,- ասաց Գրիգորյանը:

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Մինսկի խմբի միջնորդների այց ո՛չ Ստեփանակերտ, ո՛չ Բաքու այս անգամ նախատեսված չէ: Բաբայանի խոսքով, նրանք եկել են Երեւան՝ Հայաստանի նոր իշխանության հետ պաշտոնապես ծանոթանալու համար:

Ինչպես «Ազատությանը» փոխանցել է Բաբայանը, ադրբեջանական կողմը ուժեր է կուտակում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնք մշտապես գտնվել են Ադրբեջանի խորքերում։ Ըստ ղարաբաղցի պաշտոնյայի, 2016 թվականի ապրիլից նման բան չէր նկատվել։

Մինսկի խմբի համանախագահների այսօր տարածած հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող իրավիճակին: Համանախագգահների խոսքով՝ հայաստանցի պաշտնյաների հետ հանդիպմանը ընդգծվել է «կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը»:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանը չի գնա ռազմական որեւէ լայմածավալ քայլի, ինչպես քաղաքական մեկնաբանը ձևակերպեց՝ արկածախնդրության, չունենալով նախևառաջ՝ Ռուսատանի, թեկուզեւ լռելյայն հավանությունը:
Շատ կարեւոր է, ըստ Բադալյանի, որ հայկական կողմը սկզբունքային լինի իր անվտանգության խնդիրները՝ դաշնակից Ռուսաստանի առջեւ բարձրացնելիս։

«Նախ այս կուտակումների մասին հայտարարվում է շատ երկար, երբ Հայաստանում հայտնի «թավշյա» պրոցեսներն էին ընթանում, և այստեղ կարող ենք նաև զուգահեռ անցկանցնել Արցախում տիրող ներքին աշխուժության հետ: Չի բացառվում, որ Արցախի իշխանությունը փորձում է նաև այս տեղեկատվությամբ որոշակի կառավարելիություն կամ զգոնություն ապահովել հենց արցախյան ներքին շրջանակում: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ վտանգը մտացածին է և Ադրբեջանը բացարձակ նման մտադրություն ու ռազմավարություն չունի: Բայց Ադրբեջանն, անկասկած, չի գնա որևէ մեծ քայլի, քանի դեռ համոզված չէ, որ այն մարսելու է, աջակցություն է ունենալու որևէ կենտրոնում, առավելապես՝ Ռուսաստանում: Այս տեսանկյունից ես կարծում եմ՝ Բաքուն առայժմ չունի այդ աջակցությունը»,- ասաց Բադալյանը: