Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանովը հրաժարվում է ստորագրել երկիրը վերանվանելու մասին պաշտոնական Սկոպյեի և Աթենքի միջև համաձայնագիրը՝ պնդելով, որ այն խախտում է Սահմանադրությունը:
Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետները, հիշեցնենք, նախօրեին հայտարարեցին, որ եկել են համաձայնության՝ երկիրը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Ըստ այդ պայմանավորվածության՝ լեզուն մակեդոներենն է, ժողովուրդն էլ՝ մակեդոնացիներ կամ Հյուսիսային Մակեդոնիայի բնակիչներ:
Այդուհանդերձ, նախագահ Իվանովը պնդում է, որ իր դիրքորոշումը վերջնական է, և ինքը որևէ ճնշման, սպառնալիքների չի ենթարկվի:
Հունաստանը մշտապես արգելափակել է Մակեդոնիայի անդամակցությունը եվրատլանտյան կառույցներին՝ ընդգծելով, որ երկրի անվանումը պատկանում է հունական մարզերից մեկին: