Այսօր ժամը 00:56-ի դրությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հայտարարվել է, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարական ծառայության (ՓԾ) հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով, և 52 կամավոր:
Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել:
Հունիսի 9-ին ժամը 21:32-ին «911» ծառայությանը ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Հայկ Հարությունյանը նախորդ օրը դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Ահազանգն ստանալուց հետո ԱԻՆ փրկարարները, ոստիկանության աշխատակիցները, տասնյակ կամավորներ որոնողական աշխատանքներ են իրականացնում Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի տարածքներում, առայժմ՝ անարդյունք: Երեխային լուսանկարը ակտիվորեն տարածում են նաև սոցցանցերի օգտատերերը:
Հաղորդվում է, որ Հայկ Հարությունյանը աուտիզմ ունի և չի խոսում: