Փաշինյանը Մոսկվայում ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։

Աշխատանքային այցի շրջանակում երեկ երեկոյան Կրեմլում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցություններին քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաներին։

«Զրուցակիցները կարևորել են նաև երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ասված է Հայաստանի վարչապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանն և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության այլ հարցեր։

Այսօր Մոսկվայում Փաշինյանն այցելելու է հայկական եկեղեցի, իսկ Մոսկվայի Հաղթանակի թանգարանում Հայաստանի վարչապետը կմասնակցի Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը և հենց այստեղ էլ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավելի ուշ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Փաշինյանը ներկա է լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին։

Առաջնության մեկնարկին ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն Ալիև-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ։

Հայաստանի վարչապետը Երևան է վերադառնալու վաղը երեկոյան։