Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաներին:
Զրուցակիցները կարևորել են երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:
Նույն օրը Հայաստանի վարչապետը և նրա տիկինը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ: Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել օպերային թատրոնի համաշխարհային աստղեր: