Հայաստանն ու Ռուսաստանը ունեն հատուկ հարաբերություններ. Փաշինյան

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն հատուկ հարաբերություններ, համոզված եմ, որ դրանք էլ ավելի հատուկ կլինեն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տիկնոջ հետ այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսված է նաև նրա հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Պուտինն այսօր հանդիպում է ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով Մոսկվա ժամանած տարբեր առաջնորդների հետ:

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է․ - «Հուսով եմ, որ մեր հարաբերությունները միմյանց շահերը, ինքնիշխանությունը հարգելու կոնտեքստում են զարգանալու»: Հայաստանի վարչապետը հավելել է․ - «Այն փաստը, որ ես Ձեզ հետ հանդիպել էի մեկ ամիս առաջ և այսօր նորից ենք հանդիպում, ինքնին արդեն խոսում է այն մասին, որ մեր բոլոր հայտարարությունները իրագործվում են»:

Սա Փաշինյանի երկրորդ այցն է Ռուսաստան և երկրորդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք՝ առաջին անգամ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին՝ Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում:

Վաղը կեսօրին Մոսկվայի Հաղթանակի թանգարանում Հայաստանի վարչապետը կմասնակցի Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը և հենց այստեղ էլ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իսկ վաղը երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի բացմանը ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետը:

Առաջնության բացման արարողությանը ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն Փաշինյան - Ալիև հանդիպում նախատեսված չէ:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ալիևն արդեն հանդիպել է Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները գոհունակություն են հայտնել իրենց երկրների միջև հարաբերությունների ընթացքից: Հայտարարվել է նաև, որ Ալիևը օգոստոսի 30-ին հերթական անգամ կայցելի Մոսկվա:

Մոսկվայում այսօր և առաջիկա օրերին շատ հյուրերի են սպասում, սակայն ռուսական մամուլը թերևս ամենից շատ գրել է Նիկոլ Փաշինյանի այցի մասին: Ռուսաստանյան գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները անդրադարձել են Փաշինյանի և Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ նախօրեին կայացած հանդիպմանը: Ռուսական մամուլը մեջբերում է Հայաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր նոր փուլ է սկսվել, և որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում համագործակցությամբ: Ռուսաստանյան լրատվամիջոցները մեջբերում են նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության կարևորության մասին Փաշինյանի հայտարարությունը:

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Ռուսաստան: Ավելի վաղ՝ վարչապետ ընտրվելուց օրեր անց, Փաշինյանն այցելել էր Սոչի, որտեղ մասնակցել էր ԵԱՏՄ գագաթնաժողովին և դրա շրջանակում առանձին հանդիպում էր ունեցել Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ արտասահմանյան առաջնորդներից առաջինը շնորհավորել էր Ռուսաստանի նախագահը: