Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին լքում է զբաղեցրած պաշտոնը:
Հրաժարականի մասին հայտարարությամբ Կվիրիկաշվիլին հանդես եկավ չորեքշաբթի երեկոյան` հատուկ այս առթիվ վարչապետի նստավայրում հրավիրված ճեպազրույցի ընթացքում:
«Ես ցանկանում էի երկրի յուրաքանչյուր քաղաքացու վարչապետը լինել: Դրա հետ մեկտեղ՝ ես թիմային աշխատանքի կողմնակից եմ և տեսնելով իշխող քաղաքական թիմում տիրող տրամադրությունները՝ որոշեցի հեռանալ զբաղեցրածս պաշտոնից: Ստեղծված իրավիճակում նման որոշում, ըստ իս, պետք է կայացներ ցանկացած ղեկավար», - հայտարարում էր Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետի և կառավարության ողջ կազմի հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել այս շաբաթասկզբին:
Թբիլիսյան «Պիրվելի» ռադիոկայանի տեղեկություններով՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ միասին կառավարությունից հեռանալու են նաև արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Նշենք, ի դեպ, որ արդարադատության նախարարի հրաժարականն այն հիմնական պահանջներից մեկն էր, որ ներկայացնում էին վերջին շրջանում Թբիլիսիում ծավալված բողոքի գործողությունների մասնակիցները:
Վրացական ընդդիմության համոզմամբ, Ծուլուկիանիի ղեկավարած գերատեսչությունը տապալել է դատաիրավական համակարգի բարեփոխումները:
Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով, սակայն, կառավարության փոփոխության հարցում որոշիչ են եղել ոչ թե փողոցային բողոքի գործողությունները, այլ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումը:
«Երեկ կայացավ մեր քաղաքական թիմի հավաքը, որի ընթացքում մի շարք հրապարակային հայտարարություններ հնչեցին: Իմ և իշխող թիմի միջև մի շարք ուղղություններով տարաձայնություններ են ի հայտ եկել: Խոսքը, մասնավորաբար, մեր կառավարության վարած տնտեսական քաղաքականության մասին է: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ վերջին մի քանի ամիսներին մի շարք հիմնարար թեմաների շուրջ ես և «Վրացական երազանք»-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին տարբեր մոտեցումներ որդեգրեցինք: Ես դա բավական նորմալ գործընթաց եմ համարում», - հայտարարում էր Վրաստանի արդեն նախկին վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում էր նշանակվել 2015 թվականի դեկտեմբերին: Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ «Վրացական երազանք»-ը 2016-ի աշնանը կարողացավ համոզիչ հաղթանակ արձանագրել խորհրդարանական ընտրություններում:
Կվիրիկաշվիլիի պաշտոնավարման օրոք գործարկվեց Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, նրա վարչապետության շրջանում նաև ուժի մեջ մտավ ԵՄ-Վրաստան ազատ վիզային ռեժիմը: